Պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք. ԲԴԽ նախագահ
«Պետական հեղաշրջման աջակցությունը քրեական հետապնդում նախատեսող գործընթաց է, և եթե ԲԴԽ-ին նման բանի մեջ են մեղադրում, ապա պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն»,- ասօր իր ասուլիսի ընթացքում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչած հայտարարություններից մեկին, ըստ որի՝ դատական իշխանությունը աջակցում է պետական հեղաշրջման փորձ անողներին։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 15-ի իր հայտարարությանը, ապա ԲԴԽ նախագահը նշեց, որ այն հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց ինքը խնդրել ու հորդորել է զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների։
«Ես նշել եմ, որ եթե նկատեմ, որ որևէ դատավոր քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս արձագանքելու եմ դրան։ Ինձ համար զարմանալի է, թե ինչու են իմ՝ ապաքաղաքական լինելու կոչը դիտում որպես քաղաքական կոչ։ Ուղղակի ժպիտ է առաջացնում դա»,- նկատեց ԲԴԽ նախագահը։
Հարցին, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահին հաջողվել է պարզել՝ կա՞ն դատարանների պատերի տակ վնգստացող դատավորներ, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց.
«Երբ նոյեմբերի 15-ի կոչում ես անդրադարձա այդ արտահայտությանը, դա պատահական չէր։ Ես խոսքս ավելի սուր լինելու համար եմ այդ բառակապակցությունն օգտագործել։ Իրոք գտնում եմ, որ այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք ունենալ և ստեղծել անկախ դատական համակարգ։ Եվ այո, պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք։ Ես այսօր էլ այդ անունները չեմ հրապարկելու։ Վստահ եմ, որ շատերն այս առիթը կօգտագործեն և այդ կարգավիճակից կօգտվեն ու կլինեն իրոք պրոֆեսիոնալներ՝ նվիրված իրենց գործին»։
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ իր հայտարարությունը ԲԴԽ նախագահ արեց այն ժամանակ, երբ քննվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորել-չկալանավորելու հարցը։
«Այո, նոյեմբերի 15-ի իմ կոչը պայմանավորված էր այն զարգացումներով, որոնք ես նկատում էի դատարանների շուրջ։ Բազմաթիվ անգամ, դեռ մինչև ԲԴԽ-ում աշխատելը բազմաթիվ անգամ ասել եմ, որ դեմ եմ փողոցային, հանրահավաքային դատավարությանը։ Չի կարելի դատարանների դիմաց ակցիաներ անելով դատարանների վրա ճնշում գործադրել։
Այդ օրերին ես տեսնում էի դատարանների առաջ իրականացվող բազմաթիվ վանկարկումներ։ Ես կոչ արեցի գործընկերներիս՝ լինել ապաքաղաքականացված։ Ինչ վերաբերում է իմ և պարոն Վանեցյանի ընկերներ լինելուն, ապա այո, մենք ընկերներ ենք 1994 թվականից, երբ ես դատավոր չէի, նա էլ՝ ԱԱԾ աշխատակից չէր»,- նշեց Ռուբեն Վարդազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան