Դատարանները որևէ առնչություն չունեն ընտրական պրոցեսի հետ. ԲԴԽ նախագահը՝ վարչապետին
«Ես կապը չեմ տեսնում, դատարանները որևէ առնչություն չունեն ընտրական պրոցեսի հետ»,- ասօր իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում նա նշել էր՝ դատարանների հարցը լուծելուց հետո նոր անցում կկատարվի ընտրություններին։
Բայց և այնպես, ԲԴԽ նախագահը վստահեցրեց, որ միանշանակ համաձայն է՝ պետք է լուծվի դատական իշխանության հարցերը, բազմաթիվ չլուծված հարցեր կան։
«Եկեք մեր ֆինանսավորումը բարձրացրեք, եկեք մեզ նոր հաստիքներ տվեք, եկեք մեր շենք-շինությունները վերանորոգեք։ Երևանում ԲԴԽ շենքը վերանորոգված է, լուսավորություն կա, բայց սա չի իրական դատական իշխանության վայրը, որտեղ արդարադատություն է իրականացվում։ Եկեք գնանք Մարտունու դատարան, եկեք գնանք Գավառի դատարան..., եկեք, տեսեք՝ ինչ անմխիթար վիճակում են դատարանների շենքերը։ Դատարաններից մեկում այնպիսի անմխիթար վիճակ է, որ դատավորը ստիպված տեղափոխել է իր սեղանը, և միջանցքն է դարձրել դահլիճ։ Իհարկե, մենք շատ խնդիրներ ունենք, և ես միանշանակ համաձայն եմ՝ դատական իշխանության հետ կապված խնդիրները շուտափույթ լուծման կարիք ունեն»,- նկատեց Ռուբեն Վարդազարյանը։
Բացի այդ, նրա խոսքով, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը սահմանում է այն հիմնարար սկզբունքները, որոնք վերաբերում են նաև ԵԽ անդամ դատավորներին, ունի թիվ 18 կարծիք, որի վերնագիրն է «Ժողովրդավարական հասարակություններում դատական իշխանության դերը և փոխհարաբերությունները իշխանության մյուս թևերի հետ»։
«Այս կարծիքի ամբողջ իմաստն այն է, որ իշխանության թևերի միջև կոնֆլիկտը նորմալ է, դա պետք է լինի։ Դատական իշխանություն-գործադիր իշխանություն, դատական իշխանություն-օրենսդիր իշխանություն կոնֆլիկտը նորմալ է։ Դրա բացակայությունը նշանակում է, որ պետությունում չկա ժողովրդավարություն, դիկտատուրա է տիրում պետությունում, և դատական համակարգն անկախ չէ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պատերի տակ վնգստացող դատավորներ մենք ունենք, նրանց անուններն էլ գիտենք. ԲԴԽ նախագահ
- Դատավորներն աշխատում են անմարդկային ծանրաբեռնվածությամբ. ԲԴԽ նախագահ