Պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև. Գոռ Գևորգյան
Դեկտեմբերի 3-ին «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում հայտարարեց, որ հայ ժողովրդի պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև և վիճակը օրհասական է, իսկ պետականությանը սպառնացող վտանգն՝ ահագնացող:
Նկատելով, որ որոշ անհատներ ասում են որ ընդամենը պարտվել ենք՝ պատգամավորը հայտնեց, որ այն լոկ պարտություն չէ, այլ ազգային աղետ և ողբերգություն՝ իր բոլոր հետևանքներվ, որը չունի և չի ունենալու պատմության ժամկետի վաղեմություն, իսկ գալիք սերունդների կողմից չի արժանանալու որևէ ներողամտության:
«Ներկաների կողմից նախկինների արած-չարածի հռետորաբանության ներքո մսխվեց առնվազն անցած երկու սերունդների վերջին 100 տարիների փառահեղ հաղթանակը՝ արցախյան հերոսամարտը, զոհասեղանին դնելով հազարավոր նահատակներին և հայրենիքի մասը»,- հայտարարեց Գոռ Գևորգյանը և շեշտեց, որ այդ ամենը չհասկանալը դժբախտություն է:
Նրա համոզմամբ, համաշխարհային պատմության մեջ միշտ ամրագրվել է, որ նման պարտություն արձանագրած պետության ղեկավարը, իշխանությունները հեռանում են՝ իրենց հետ տանելով պարտվածի կարգավիճակից բխող բոլոր բարդույթները՝ երկրում բացառելով անիշխանության և բռնության դսևորումները:
Գոռ Գևորգյանը գտնում է, որ իշխանությունը պետք է գիտակցի, որ քաղաքական ճգնաժամի լուծման պատասխանատվությունը կրում են հենց իրենք, դրա համար պետք է շարունակեն կառուցողական երկխոսությունը և փոխզիջումներ փնտրել:
Նա անթույլատրելի համարեց սեփական ժողովրդի ցավի ու վշտի վրա միմյանց դեմ ռևանշիստական քարոզով արդեն իսկ ծվեն-ծվեն եղած երկիրի մաշեցումը:
«Նայելով այսօրվա իրողություններին, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր իրավիճակին, միամտություն կլինի ասել, թե իշխանությունները պատրաստ են կյանքի կոչել արտահերթ ընտրությունները»,- անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանության առաջարկին՝ հայտարարեց պատգամավորը և կոչ արեց միավորել ժողովրդին՝ դրանում կարևորելով նաև Հայ Առաքելական եկեղեցու դերը:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը խախտում է ընտրողների սահմանադրական իրավունքը