Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ գլխավոր հարցերից մեկն է Ղարաբաղը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որը մեկօրյա աշխատանքային այցով կլինի Սոչիում: Այս մասին գրում է Tass-ը։
Սոչիի բանակցությունները կդառնան Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների այս տարվա հինգերորդ դեմ առ դեմ հանդիպումը։
Նախարարները կմասնակցեն Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ հանդիպմանը: Ավանդաբար, դրա թեմաներն են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները և տարածաշրջանային խնդիրները: Ակնկալվում է, որ այս անգամ Լավրովն ու Չավուշօղլուն հատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործմանը և հումանիտար օգնության տրամադրմանը:
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները բազմիցս վերահաստատել են իրենց նվիրվածությունը իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Մոսկվան վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան, որպես տարածաշրջանի երկու ամենամեծ աշխարհաքաղաքական դերակատարները, «լուրջ ներդրում ունեն Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում, ինչն օգնեց վերջ տալ արյունահեղությանը և փրկել մարդկային կյանքեր»:
Սոչիում կայանալիք հանդիպմանը նախարարները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի աշխատանքների հետ կապված մի շարք գործնական հարցեր, որի ստեղծումը համաձայնեցվել է նոյեմբերի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում:
Կենտրոնը տեղակայված կլինի Աղդամի շրջանում, որտեղ արդեն տեղակայված են 60 թուրք զինվորականներ: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զինվորականները աշխատանքները կսկսեն հաջորդ տարվա հունվարից, որպեսզի միասին «ապահովեն հրադադարի շարունակականությունը»:
Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը, նախքան Սոչի կատարելիք այցը, լրագրողներին ասել էր Լավրովի հետ մտադիր է քննարկել «Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման քայլերը»: Ըստ նրա, այս հարցի լուծումը պետք է գտնել «միջազգային իրավունքի շրջանակներում»: