Ցանկացած կարծիք ունեցող անձ ձևավորում է իշխանություն՝ իր քվեի միջոցով. Լիլիթ Մակունց
«Մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, փորձ են կատարում շրջանցել քաղաքացու ընտրության հնարավորությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, իրենց քաղաքական թիմը վերահաստատում է միտքը, որ իրենցից որևէ մեկը կառչած չէ աթոռից։
«Անչափ կարևոր է, որ քաղաքացին իմանա՝ ինքը հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն։ Ցանկացած կարծիք ունեցող անձ ձևավորում է իշխանություն՝ իր քվեի միջոցով։ Այստեղ տարանջատում չի մտցվում, և որևէ մեկը չի կարող մերժել ընտրությունների անցկացման տարբերակը»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
Նա նաև անդրադարձավ Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը՝ նշելով, որ որպես իշխող խմբի ղեկավար տեղյակ է, որ հնարավոր է այսօր լինի նման հանդիպում։