Վարդան Բալյան. Այս պահին Սյունիքում կենտրոնական իշխանությունը փաաստացի մեռած է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Լեռնահայաստանի մասին գրառումս ուժի մեջ է։ Մեկնաբանություններին առանձին֊առանձին չպատասխանելու նպատակով ստիպված եմ անդրադառնալ առանձին գրառումով։
Սեպարատիզմի սպառնալիքը վկայակոչող ընկերներս անտեղյակ են իրավիճակից, որ ունենք Սյունիքում։ Ժամանակ գտեք և ծանոթացացեք Նիկոլ Փաշինյանի կառավարության նշանակումներին տարածքային կառավարման գործառույթ իրականացնող Սյունիքի մարզպետարանում։ Նոր իշխանության թիմ կոչվածը միֆ է, չկա այդպիսի բան, չի էլ եղել։
Մարզում խայտառակ պատկեր է, տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի անվստահություն են հայտնել գործող իշխանությանը, պահանջել վարչապետի հրաժարականը։ Ի պատասխան, Փաշինյանն իր այցով փորձում էր ի ցույց դնել, որ իր հեղինակությանը Սյունիքում գերակա է, բայց Սիսիանում փաստացի արհամարհական վերաբերմունքի ականատես եղավ, իսկ Գորիսից այն կողմ գնալ ուղղակի չկարողացավ։
Սյունիքի սահմանները անտերության վիճակում են, միակ իրական ուժը, որ այս պահին անվտանգային գործառույթ է իրականացնում, ռուսներն են։ Սա տեսանելի է անգամ պարսիկներին, որոնք լրացուցիչ զորակազմ են տեղափոխել սահմանային գոտի։
Վարչապետը երեկ իր հարցազրույցում հայտարարեց, որ Սյունիքի նկատմամբ սպառնալիքի դեպքում, կմիջամտի Ռուսաստանը և, ուշադրություն, Հայաստանը։ Սա լեզվի սայթաքում չէր ամենևին, այս պահին Սյունիքում կենտրոնական իշխանությունը փաաստացի մեռած է։
Հանրապետականի ու բարգավաճի երկրորդ կամ երրորդ էշելոնի կադրերով համալրված հեղափոխական իշխանությունը իրական օրակարգը թողած շարունակում է երկու տարուց ավել տիրող թատրոնը՝ ներկա֊նախկին տունտունիկը։
Նորից եմ կրկնում, իրավիճակը դինամիկ զարգանում է, Լեռնահայաստանի հռչակումը կարող է իրապես դառնալ պատմական անհրաժեշտություն։ Ի՞նչ վերաբերում է Սյունիքի կենսունակությանը, կարող եք վստահ լինել, մենք հաստատ կենսունակ և ուժեղ պետություն ձևավորելու ռեսուրս ունենք, բայց առանց Սյունիք Հայաստանը բազմապատիկ ավելի մեծ դժվարությամբ կկարողանա վերականգնել իր պետական սուվերենիտետը։ Եթե կարողանա, իհարկե»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Մենք իրավունք չունենք լռել
- Վարդան Բալյան. Սկսում ենք նոր շարժում, Վերածննդի շարժում
- Վարդան Բալյան. Այս իշխանության հեռանալու որոշումը սկզբունքորեն արդեն համաձայնեցված է