ԱԳՆ-ն տրամադրել է սահմանագծման գործընթացների հետ կապված կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՄԻՊ
Հայաստանի Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը:
Ա. Թաթոյանը հայտնում է, որ ՀՀ ԱԳՆ-ն տրամադրել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում, այն հրապարակում է ամբողջությամբ.
«Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:
Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։
Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։
Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։
Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:
Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում:»:
«Ինչպես նշված, այնպես էլ տարբեր այլ հարցերով ՀՀ ԱԳՆ հետ, հատկապես միջազգային կառույցներում մեր երկրի մշտական ներկայացուցիչների, մի շարք պետություններում մեր դեսպանների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի հաստատված արդյունավետ համագործակցություն ու վստահելի գործընկերային աշխատանք»,- գրել է Ա. Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ ՀՀ ողջ ժողովրդի կյանքի. Թաթոյան
- Կառավարությունը պարտավոր է հանրությանը տրամադրել պատշաճ բացատրություններ. Թաթոյան
- Պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ. ՄԻՊ
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան