Վրաստանում կառավարության՝ սահմանափակումներ կիրարկելու իրավունքը երկարաձգվել է կես տարով
Վրաստանի խորհրդարանը «Հանրային առողջապահության մասին» օրենքում կատարված փոփոխությունները երկարաձգել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կառավարությանն իրավունք տալով առանց արտակարգ դրություն հայտարարելու սահմանափակումներ մտցնել: Jnews-ի հաղորդմամբ, նորմի գործողության ժամկետը երկարաձգելու օգտին կողմ է քվեարկել 81 պատգամավոր:
Առողջապահության հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն պատգամավորներին ծանոթացրել է «Հանրային առողջապահության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները:
«Այսօր մենք ստիպված ենք նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի ժամկետը երկարացնենք ևս վեց ամսով: Նախաձեռնողներն այս անգամ էլ բժիշկներն են: Իրականությունն այսպիսին է, որ մնացած աշխարհի հետ միասին մենք ստիպված ենք ապրել համավարակի ռեժիմում, իսկ ճգնաժամը հարկավոր է պատշաճ կերպով կառավարել:
Հուսով եմ, որ 6 ամիս անց մենք ստիպված չենք լինի կրկին երկարաձգել այս օրենքի գործողության ժամկետը, բայց հասարակությունը պարտավոր է հետևել այն հանձնարարականներին և կանոններին, որոնք կտրվեն Համակարգող խորհրդի կողմից», – հայտարարել է հանձնաժողովի նախագահը:
Որոշման համաձայն` խորհրդարանը երկարացնում է վերոհիշյալ լիազորությունների ժամկետը կառավարության համար 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը: Այսինքն՝ ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, արգելել զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը և այլն:
Կառավարության որոշման համաձայն՝ նոյեմբերի 28-ին երկրում կարանտինի նոր սահմանափակումներ էին գործարկվել: Դեկտեմբերի 24-ից, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ներդրված սահմանափակումները մասամբ մեղմվել էին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում տաքսու վարորդները կանցնեն կորոնավիրուսի անվճար թեստ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 738 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 012 նոր դեպք, 25 վարակակիր մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան