Մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել Դամասկոսի արվարձանում Իսրայելի հրթիռային հարձակումից
Դամասկոսի արվարձաններից մեկում իսրայելական հրթիռակոծության արդյունքում մեկ մարդ զոհվել է և երեք զինվորական վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»,-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Դամասկոսի Զաբադանի արվարձանի երկնքով ՀՕՊ ուժերը հետ են մղում հարվածները:
Ըստ աղբյուրի ՝ գնդակոծությունն իրականացվել է Գալիլեայի տարածքից տեղական ժամանակով 1.30-ին (Երևանի ժամանակով 3.30-ին): Սիրիական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել որոշ հրթիռներ: Հարձակման արդյունքում կան նաև նյութական վնասներ:
Վերջին հինգ օրվա ընթացքում սա Սիրիային հասցված երկրորդ հարվածն է: Անցյալ ուրբաթ Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Իսրայելի ՌՕՈւ-ը հրթիռներ է արձակել Արևմտյան Համա նահանգի Միսիաֆ քաղաքում:
Իսրայելցի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից զինատեսակները թշնամիների ձեռքերում չթողնելու ցանկությամբ: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար ալ-Ասադի օգտին, և վերահսկվում Թեհրանի կողմից: