Վստահ եմ՝ արդեն կարող ենք Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել և ստանալ Հայաստանով. Իլհամ Ալիև
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այսօր ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը։ Լուրը գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին կարգադրություններն արդեն տրված են»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով, առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից (Ֆիզուլիի շրջան) դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման:
«Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմքը: Կարծում եմ, որ երկաթուղու կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, կարելի է չսպասել երկաթգծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրականացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ բեռնատարներով:
«Սա օրակարգի կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ՝ մենք կարող ենք արդեն Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Լաչինի և Նախիջևանի միջանցքների գործարկման ժամկետը
- Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում գազատար կկառուցեն
- Թուրքիան ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրում Իգդիր-Նախիջևան գազատարը կառուցելու վերաբերյալ