Սերունդներն այսուհետ ապրելու են պարտքի մի մեծ բեռի տակ, մեր պապերի ձեռք բերածն ենք կորցրել. Սիսիանի քաղաքապետ
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ամանորյա ուղերձ է հղել սիսիանցիներին.
«Ժամեր հետո կամփոփենք 2020 թվականը, մեր նորօրյա պատմության ամենադառնալից ու ողբերգական տարին… դիմավորում ենք նոր տարին՝ փշրված սրտերով ու արցունքոտ աչքերով, ու ոչ թե ամփոփում այլ դնում ենք բազմակետեր, փորձում շտկել մեր կորացած մեջքն ու բարձրացնել խոնարհված գլուխը:
Տարեմուտի բարեմաղթանքներից առաջ եկեք մի պահ լռենք, շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի, ովքեր իրենց արյամբ սրբացրել են մայր հողը, բոլոր նրանց, ովքեր հայրենիքը ամենքից ու ամեն ինչից վեր են դասել ու դասում են, խոնարհվենք մեր նահատակ հերոսների հիշատակի առջև, հերոս ծնած մայրերի առջև, աղոթենք սահմանին կանգնած տղաների համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականը մարդկության համար պատրաստել էր բազում արհավիրքներ ու փորձություններ, առաջին իսկ ամիսներից պայքար սկսվեց հանկարծահաս վարակի՝ COVID-19-ի դեմ: Անելանելի իրավիճակում փորձեցինք մեր համայնքը հնարավորինս պաշտպանել վարակի ներթափանցումից, կյանքի ընթացքը կարգավորել ժամանակի թելադրանքով, թվում էր, թե կյանքը կանգ է առել, սակայն ամենադաժանը դեռ առջևում էր...
Թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին Արցախ աշխարհի ու ողջ հայության դեմ սանձազերծված պատերազմը ցնցեց բոլորիս, 44 երկարուձիգ դաժան օրեր, հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, խեղված ճակատագրեր, որբացած մանուկներ, սևազգեստ մայրեր ու այրիներ, անհետ կորածներ, գերեվարված զինվորներ, մի մեծ ցավ, որը, թվում է թե ժամանակն անգամ անզոր է բուժել և ամոքել:
Սերունդներն այսուհետ ապրելու են պարտքի մի մեծ բեռի տակ, մեր պապերի ձեռք բերածն ենք կորցրել, մեր նահատակների արյամբ ձեռք բերվածն ենք կորցրել, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատն ենք կորցրել, ու պարտք ենք մնացել թե՛ մեր պապերին ու, հատկապես, գալիք սերունդներին:
Հայն այս փորձությունն էլ կհաղթահարի, նորից կուղղի կորացած մեջքը, խաղաղ և անվտանգ սահմաններով եզերված հայրենիք ունենալու փափագով հայացքը կուղղի դեպի ապագան:
Սիրելի՛ հայրենակիցներ, գալիք տարում շատ անելիքներ ունենք, մեր համայնքը, ինչպես և ողջ Հայաստանը, պատերազմի հետևանքով կանգնած է սոցիալական բազում խնդիրների առջև: Անցնող ամիսների ընթացքում համայնքապետարանը, սեփական միջոցներով ու սրտացավ բարերաների աջակցությամբ, կարողացել է հաղթահարել ծագած բոլոր դժվարությունները, հազարավոր տեղահանված արցախցիներ ենք հյուրընկալել, հնարավորությունների սահմանում մինչ օրս փորձում ենք ապահովել նրանց կեցության համար անհրաժեշտ պայմանները:
Աջակցություն ենք ցուցաբերել առաջնագծում կանգնած մեր կամավորականներին, փորձել ավարտին հասցնել համայնքում սկսված սոցիալ-տնտեսական ծրագրերը, և այլն: Առիթն օգտագործելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, բարերարներին, անհատներին, ովքեր թե՛ COVID-19-ի տարածման և թե՛ պատերազմի օրերին եղել են համայնքի կողքին, շնորհակալություն ձեր նվիրումի և հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհակալություն եմ հայտնում մեր համայնքի բնակչությանը՝ իրենց սրտացավության, հյուրընկալության և ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ֆինանսապես ու ֆիզիկապես այս դժվարին օրերին եղել են համայնքապետարանի կողքին:
Սիրելի՛ հայրենակիցներ, թող որ 2021 թվականը դառնա մեր հույսի ու լավատեսության վերածննդի տարի, թող գալիք բոլոր օրերը ամոքիչ բալասան դառնան, թող երբեք չմարի հայի պայքարի ոգին:
Պետք է սթափվել, հզորանալ ու սերունդներին ժառանգել ապահով ու անվտանգ ապրելու երաշխիքներ, պետություն, պետականություն ու ամրակուռ հայրենիք»։
Հարակից հրապարակումներ`
- Գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր և դրա համար անհրաժեշտ է լինելու համառ աշխատել. Կապանի քաղաքապետ
- Փաշինյանը հրաման էր տվել, որ ճանապարհը բացեն, ուղղակի ոստիկանները հրաժարվել են կատարել. Սիսիանի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան