«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է
1000+ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, դեկտեմբերի 31-ին եզրափակելով տարին, միջանկյալ հաշվետվություն է ներկայացնում 2020 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ։ Վերջնական հաշվետվությունը կներկայացվի եկող տարվա առաջին եռամսյակում։
Հաշվետվությունը՝ այստեղ։
2017 թվականին ստեղծված հիմնադրամը ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։
Հիմնադրամի միջոցները գոյանում են մեր հասարակության` ՀՀ-ում և Արցախի Հանրապատությունում աշխատող քաղաքացիների դրոշմանիշային վճարումների, նվիրատվությունների և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հանգանակության շնորհիվ։
«Այս տարի կարևորվեց Հիմնադրամի գործունեության անհրաժեշտությունը, քանզի սեպտեմբերի 27-ին մեր թշնամիների կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց կորուստների աննախադեպ աճի:
Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք լծվեցինք համազգային նվիրաբերական դրամահավաք կազմակերպելու գործին, քանզի ենթադրում էինք, որ այդ գումարների կարիք լինելու է: Ի վերջո պատերազմ էր: Այս տարի մենք ստացել ենք 7.4 միլիարդ դրամի չափով նվիրաբերություններ` աշխարհի շուրջ 70 երկրներից:
Պատերազմի հարաբերական դադարից հետո մեր հաջորդ աշխատանքն էր սկսել ծնող, զավակ ու ամուսին կորցրած մեր հայրենակիցներին հատուցումներ կատարելը:
Այս տողերը գրելու պահին Հիմնադրամը հատուցումներ է կատարել արդեն 741 ընտանիքների: Գործընթացն ինտենսիվ շարունակվելու է 2021 թվականին` մինչև հատուցումներ կատարենք բոլոր զոհված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին:
Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը մեզ համար արժեքներ են: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունը` 2021 թվականի ապրիլին ամբողջականը հրապարակելու խոստմամբ»,- հայտնում է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների․Վ․Ավետիքյան
- Ավետիքյան. Պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող ունեցող որևէ ընտանիք առանց աջակցության չի մնա
- 1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան