Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը պետք է անհապաղ վերադառնա Իրանի դեմ միջուկային գործարքի իրականացմանը և վերացնի բոլոր պատժամիջոցները: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունի հայտարարությունը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մինչ այդ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Իրանը Ֆորդոուի միջուկային կայանում ուրանը հարստացրել է մինչև 20%: Իրանը վավերացրել է նաև խորհրդարանի նախաձեռնած «Պատժամիջոցները վերացնելու ռազմավարական միջոցների մասի» օրենքը, որը նախատեսում է 20% և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը Իրանի որոշումը համարում է միջուկային շանտաժ:
«Այս պահին առաջնային խնդիրն է նպաստել նրան, որ Միացյալ Նահանգներն առանց որևէ նախապայմանի անհապաղ իրականացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև վերացնի բոլոր պատժամիջոցները՝ պայմաններ ստեղծելով համաձայնագրի վերականգնման համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հուա Չունին:
Նա շեշտել է, որ իրանական միջուկային խնդրի շուրջ ներկայիս իրավիճակը շատ բարդ և զգայուն է:
«Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել իրենց հանդարտությունն ու զսպվածությունը, հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործման կոնսենսուսին, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը, և տեղ թողնել դիվանագիտական ջանքերի համար»,-հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչը:
Միջուկային համաձայնագիրը ենթադրում էր, որ Իրանը պետք է ուրանի հարստացումը 3,67% -ով կատարի, բայց Թեհրանը մեկ տարի առաջ հրաժարվեց հարստացման սահմանափակումներից՝ հարստացումը հասցնելով ավելի քան 4% -ի: