Մարուքյան. Հարցերի պատասխանը պետք է տա ոչ թե Փաշինյանի հոդվածը, այլ քննությունը
«Վարչապետն իր հոդվածի վերջում գրել է, եթե լավ ժանր է, կշարունակեմ գրել։ Ես արձագանքել եմ, ասել եմ, սա լավ ժանր չէ, բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տրվեն քննության արդյունքներով»,-Սուրբծննդյան պատարագին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց՝ իր ղեկավարած խմբակցությունն առաջարկել է ստեղծել փաստահավաք խումբ, նախագիծն ուղարկված է բոլոր ուժերին, որոնք պետք է լինեն այդ խմբում։
«Երբ ստեղծվի այդ խումբը, բոլորը կհարցաքննվեն, բոլորը՝ ԱԳ նախարարները, ԶՈՒ ԳՇ պետերը, զինվորները, կամավորները։ Մեր ժողովուրդն օր ու արև, դադար չի տալու մեզ, քանի դեռ չի ստացել այդ հարցերի պատասխանները։ Այդ հարցերին հոդվածներով հնարավոր չէ պատասխանել, քանի որ այն մենախոսություն է։ Դու ընտրում ես քեզ համար հարմար հարցեր ու տալիս ես պատասխաններ։ Իսկ մենք տալու ենք անհարմար հարցեր։ Իսկ անհարմար հարցերին պատասխան տալու համար պետք է ստեղծվի փաստահավաք խումբը»,-ասաց նա։
Նրա խոսքով, խմբի ստեղծման նախագիծը քաղաքական ուժերին ուղարկել է դեկտեմբերի 20-ին, սպասում է արձագանքներին, չի բացառում դրա աշխատանքի ընթացքում քրեական գործերի հարուցում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի պաշտոնական էջում հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածը։