Անգլիան կրկին փակվել է կորոնավիրուսի տարածման պատճառով
Երկուշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլիայի տարածքում համապետական կարանտին մտցնելու մասին` կապված վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց տները միայն անհրաժեշտության դեպքում, խանութների մեծ մասը և սպասարկող ձեռնարկությունները կփակվեն, իսկ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման:
Սա COVID-19-ի հետ կապված երրորդ համապետական արգելափակումն է. առաջինը կիրառվել է մարտին, երկրորդը՝ նոյեմբերին: Դեկտեմբերի սկզբին իրավիճակի կայունացումից հետո, կարանտինը հանվեց, բայց ամսվա վերջին Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում սկսվեց վարակվածների թվի կտրուկ աճ: Դրա հիմնական պատճառը կորոնավիրուսի նոր տեսակի տարածումն էր: Ջոնսոնը հաստատեց փորձագետի գնահատականները, որ վիրուսի այս տեսակը 50-ից 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան «սովորական» կորոնավիրուսը:
Լոնդոնում և հարակից տարածքներում խիստ սահմանափակումներ կիրառվեցին, բայց դա չօգնեց վիրուսի տարածումը դանդաղեցնելուն, ուստի կառավարությունը որոշեց նոր արգելափակում մտցնել, որը հավանավբար կտևի մինչև փետրվարի կեսերը: Շոտլանդիայի իշխանություններն ավելի վաղ արդեն կարանտին էին մտցրել Շոտլանդիայի տարածքում:
Ջոնսոնը հիշատակել է, որ անցյալ ամիս երկրում սկսվել է պատվաստումների զանգվածային արշավ: Երկրում շուրջ մեկ միլիոն մարդ արդեն ստացել է պատվաստանյութը: Վարչապետի խոսքով, մինչ փետրվարի կեսերը պետք է պատվաստվեն ռիսկային խմբերի ներկայացուցիչների մեծ մասը, որից հետո հնարավոր կլինի թուլացնել սահմանափակումները:
Հունվարի 4-ին Մեծ Բրիտանիան սկսել է զանգվածային պատվաստումներ կորոնավիրուսի դեմ AstraZeneca- ի և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից մշակված պատվաստանյութով: Բացի այդ, ընթացքի մեջ է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստումը:
Համաճարակի սկզբից գրեթե մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ավելի քան 2,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնց թվում էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մահացել է ավելի քան 75 հազար մարդ: Վերջին շրջանում արձանագրվում են հակառեկորդային թվով հիվանդներ՝ օրական ավելի քան 50 հազար վարակման նոր դեպքեր: