Ամեն դեպքում՝ դադարենք իրար ատել
Բայց բախվելով ֆեյքահայության ամեն ինչ նախկինների վրա բարդելու չդադարող բարբաջանքներին և Հայաստանի սահմանները փոքրացնողին արդարացնողներին՝ հասկացա, որ հասարակության ինչ-որ մի հատված դեռ լիովին չի ըմբռնում, թե առջևում ինչ դժվարություններ են լինելու։
Իսկ որ դրանք լինելու են և վրա են տալու տարբեր կողմերից, պարզ են հենց միայն ուժի մեջ մտնող փաշինյանական «հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումներից» կամ առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն նկատելի թանկացումներից։ Դրանք հո ընտրողաբար չեն կիրառվելու սևերի և սպիտակների դեպքում։ Ասենք, որևէ մեկը մոտ երեք տարի նիկոլի անունով է երդվում, դրանից հո չի ենթադրվում, որ նրա համար առողջապահական և կրթական ծառայությունները կամ գյուղմթերքները չեն թանկանալու։
Թանկացումները բոլորիս են վերաբերվելու հավասարապես, անկախ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, և այդ ամենը նպաստելու է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը։
Պատերազմի, խայտառակ կապիտուլյացիայի, զոհված ու անհետ կորած զինվորների կսկիծի, կորցրած տարածքների ցավին գումարվելու են առօրյա կենցաղային պրոբլեմները և ամենուր կուտակված չարությունն ահագնանալու է։ Դրա չեզոքացման համար հույսներս ո՞ւմ վրա ենք դնելու․․․ այն վարչապետի՞, ով թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով պառակտեց հասարակությունը՝ ազգակործան ծրագրերը ավելի հեշտ կենսագործելու համար, թե՞ պարգևասեր խամաճիկային Ազգային Ժողովի։ Հենց նրանք են Հայաստանն այս վիճակին հասցնողները, և այժմ նրանք իրենք են փրփուրներից կախված հույսի շողեր փնտրում։ Իսկ իրողությունները ցույց են տալիս, որ նրանց ապաշխարհման ուղիները գնալով նվազում են։
Տեսեք, ի՜նչ աստիճանի հավատ չպիտի ներշնչի որևէ պետության ղեկավար, որ այլ երկիր մեկնելու համար նրան հյուրընկալող երկրի բժիշկները ստուգեն․․․ ահա՝ Նիկոլի մուտքը Մոսկվա թույլ տալու համար ռուս բժիշկներն են նրան կովիդ վիճակը ստուգում։ Բա՜, բումերանգ է։ Երբ Ռոբերտ Քոչարյանին կորոնայի դրական թեստ հրամցնելով՝ խոչընդոտեցիք պատերազմում բեկում մտցնելու պատրաստակամությամբ նրա Մոսկվա մեկնելը, չէի՞ք մտածում, որ և՛ մեր երկրում, և՛ դրսում շատերը հասկացան, որ համավարակը օգտագործում եք որպես խուսանավելու կամ պատժելու հարմար գործիք։
Ուրեմն թող ծանր հիվանդ լինի ինքնամեկուսացվածը և չմեկնի Մոսկվա հունվարի 11-ին, որովհետև չգիտենք թե դեռ ինչ պատաուհասներ է բերելու գլխներիս։ Ի դեպ, նախագահ Արմեն Սարգսյանի լոնդոնա-լիբանանյան կորոնան էլ շատ պատեհ ժամանակ հայտնաբերվեց։ Այնքան են խաբել, որ նրանց ոչ մի խոսքն արդեն հավատ չի ներշնչում։
Համավարակը առիթ է նաև չգիտեմ որերորդ անգամ երկրում արտակարգ դրությունը երկարացնելու համար։ Իբր ի՞նչ․․․ 2018-ի ապրիլից ամեն օր արտակարգ իրավիճակում ենք ապրում՝ օրավուր տեսնելով պետության կազմաքանդումը։ Արտակարգ դրությունը փրկօղակ է իշխանությունների համար, իսկ ժողովրդի համար պատիժ։ Գոնե «խոպանչիները» կարո՞ղ են գնալ ռուսաստաններում փող աշխատելու, թե՞ ՌԴ հետ հարաբերություններն այն աստիճանի են վատացրած, որ եկամտի այդ աղբյուրն էլ փակված կարող ենք համարել։
Գովերգվող խոսքի ազատության և ժողովրդավարության բաստիոնում կարոտ ենք մնացել մի ճիշտ խոսքի․սուտն ու խաբեությունն են իշխում ամենուր։ Այս ամենը պարզապես ստիպում է ժողովրդին սթափվել, հասկանալ, որ փրկությունն հենց իր ձեռքում է և պետք չէ ուրիշներից օգնության սպասել։ Միավորվենք մեր իսկ ապագայի համար։ Իսկ սկզբի համար՝ գոնե դադարենք իրար ատել և գիտակցենք, որ բոլորս ենք գտնվում նույն վնասված նավում։
Լիա Իվանյան