Տիգրան Աբրահամյան․Անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում
«Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ»,- այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը նշում է, որ առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նույնիսկ այսքան ահռելի մարդկային և տարածքային կորուստների պայմաններում գլխավոր խնդիրներից մեկի՝ անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց, ավելին՝ այդ հարցերը տարբեր ժամանակային կտրվածքով առավել սուր բնույթ են կրելու»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։