Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիա, այն հանգեցրեց առոչինչ պայմանագրի կնքման և ներկայումս էլ կյանքի են կոչվում առոչինչ պայմանագրի դրույթները․ Սիրանուշ Սահակյան
«Գերևարված անձինք, ռազմագերիները գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել այդ պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը։Ինչո՞ւ՝ այդպիսին է միջազգային իրավունքի առանձնահատկությունը, որը հաշվի առնելով պետք է իրականացվեին քաղաքական լուծումները»,- այս մասին այսօր ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին, խոսելով արցախյան պատերազմում ռազմագերիների վերադարձի մասին։
Սիրանուշ Սահակյանի խոսքերով, միջազգային իրավունքը ամրագրում է ուժի գործադրման արգելքը, ավելին՝ նախատեսում է հետևանքներ։
«Եթե ուժը ոչ իրավաչափ է գործադրվել, դրա արդյունքում պետությանը պարտադրվել է պայմանագիր, անգամ կարելի է այդ պայմանագիրն առոչինչ համարել։ Բայց մենք ունենք այլ իրականություն։ Մենք տեսանք, որ ՀՀ-ի, Արցախի նկատմամբ տեղի ունեցավ ագրեսիս, այն հանգեցրեց առոչինչ պայմանագրի կնքման և ներկայումս էլ կյանքի են կոչվում առոչինչ պայմանագրի դրույթները»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։
Բանախոսի խոսքերով, միջազգային իրավունքը Հայաստանի նկատմամբ չի կիրառվի, եթե ՀՀ իշխանությունները պահանջատեր չլինեն։
Սիրանուշ Սահակյանը ռազմագերիների հետ կապված նշեց, որ միջազգային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարից ու խաղաղության հաստատումից հետո անհապաղ պետք է ազատ արձակվեն գերևարված անձինք ու վերադարձվեն հայրենիք։
«Այստեղ երաշխիքը անհապաղն է։ Եթե անձինք անհապաղ ազատ չեն արձակվում, այստեղ գործ ունենք կամայական ազատազրկումների հետ, ինչպես նաև կարող ենք խոսել առևանգումների մասին, որոնք նաև Ժնևյան կոնվենցիայի էական խախտումներ են, որոնք որակվում են նաև որպես պատերազմական հանցագործություններ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը, հավելելով, որ չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը, ինչն ունի քաղաքական նախադրալներ։
«Նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել վերադարձի հարցը, մատնանշված չեն եղել ժամկետներ ու կարևոր նախապայմաններ դուրս են մնացել»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան