Թրամփն հայտարարել է՝ երբեք չի ընդունի նախագահական ընտրության արդյուքները
ԱՄՆ Կոնգրեսը գումարել է երկու պալատների միասնական նիստ, որը պետք է հաստատի Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերին կայացած նախագահական ընտրևություններում: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք որակելով կեղծված:
Չորեքշաբթի օրը նախագահ Թրամփը հանդես եկավ ելույթով Սպիտակ տան մոտ իր կողմնակիցների կազմակերպած հանրահավաքում: Նա հայտարարել է, որ երբեք չի ընդունի, որ պարտվել է նախագահական ընտրություններում:
«Մենք երբեք չենք հանձնվի: Մենք երբեք չենք զիջի», - ասել է Թրամփն իր կողմնակիցներին ուղղված խոսքում:
Թրամփը կոչ է արել փոխնախագահ Մայք Փենսին օգտագործել իր լիազորությունները և չեղարկել Բայդենի հաղթանակը:
Հիշեցնենք, որ փոխնախագահ Փենսը ղեկավարում է Կոնգրեսի պալատների համատեղ նիստը՝ Բայդենի նախագահությունը վավերացնելու հարցով:
Խոսելով իր հազարավոր աջակիցների բազմության առջև, ովքեր չորեքշաբթի օրը հավաքվել էին Սպիտակ տան մոտ, Թրամփը հայտարարեց. «Եթե Մայք Փենսը ճիշտ վարվի, մենք կհաղթենք ընտրություններում»:
Ներկայացուցիչների պալատի և Սենատի նիստի ավարտին Փենսը պետք է հայտարարի, թե ով է հավաքել ձայների մեծամասնությունը՝ նախագահ և փոխնախագահ հռչակվելու համար:
Մայք Փենսը գտնվում է նախագահի և նրա կողմնակիցների ճնշման ներքո: Վերջիններս ցանկանում են, որ փոխնախագահն օգտագործի իր լիազորությունները և մերժի Բայդենի հաղթանակը մի քանի նահանգներում:
«Փոխնախագահ Փենսը պետք է ընդամենը արդյունքները հետ ուղարկի նահանգներ՝ վերահաստատման համար, և մենք կդառնանք նախագահ, իսկ դուք՝ ամենաերջանիկ ժողովուրդը», - ասել է Թրամփը:
Թրամփը կրկին մեղադրել է դեմոկրատներին «հարյուր հազարավոր ձայներ կեղծելու» մեջ՝ երախտագիտություն հայտնելով այն օրենսդիրներին, ովքեր պատրաստվում են Կոնգրեսի համատեղ նիստի ժամանակ բարձրաձայնել ընտրակեղծիքների ու խախտումների մասին և դեմ քվեարկել Բայդենի հաղթանակի վավերացմանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մայք Փենսը երեքշաբթի օրը Թրամփի հետ առանձին հանդիպման ընթացքում, ըստ լրատվամիջոցների, կասկած է հայտնել, որ ինքը կարող է միակողմանիորեն չեղարկել ընտրողների ձայներն ու տապալել Բայդենի վավերացման գործընթացը: Այս զրույցի մասին հաղորդած աղբյուրը ցանկացել է մնալ անանուն, քանի որ իրավասու չի հրապարակելու մասնավոր այս զրույցը, որի մասին առաջինը հաղորդել է The New York Times-ը:
Հանրահավաքի իր ելույթում Թրամփը տեղեկացրել է, որ չորեքշաբթի առավոտյան ինքը խոսել է Փենսի հետ` հորդորելով նրան գործել: Ըստ նախագահի, ինքը չափազանց կհիասթափվի Փենսից, եթե վերջինս վավերացնի Բայդենի հաղթանակը: Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Գերագույն դատարանի ընդունած որոշումների վերաբերյալ՝ կապված ընտրությունների շուրջ իր թիմի ներկայացրած հայցերի մերժման հետ՝ ընդգծելով, որ Գերագույն դատարանի երեք անդամներին ինքն անձամբ է նշանակել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան