Նման պայմանագիր գոյություն չունի նախարարությունում. Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քիչ առաջ մոտեցավ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Քաղաքացիները նրան դիմավորեցին «բանակից փախած», «հայրենիքի դավաճան» վանկարկումներով, սակայն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրեց նրանց հանդարտվել. «Լավ, լավ»։
Սակայն քաղաքացիները չհանդարտվեցին։ Այս անգամ նրանց դիմեց նաև ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը. «Ժողովուրդ, խնդրում եմ լռություն։ Խնդրում եմ մի րոպե լռեք։ Ես խնդրել եմ, որ պարոն նախարարն իջնի և ներկայացնի վիճակը»։
Երբ քաղաքացիները հանդարտվեցին, Ռուստամ Բադասյանը սկսեց խոսքը։ Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ԱՆ-ում որևէ պայմանագիր չկա, տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է։
«Ես կոչ եմ անում բոլորիդ, որ տելեգրամյան անհայտ ալիքների տարածած ապատեղեկատվության վրա չհիմնվեք։ Այդ հրապարակումները հուզումներ են առաջացնում հասարակության մեջ։ Ես կոչ եմ անում չհավատալ նման ալիքների տարածած լուրերին։ Այսքանը երևի թե։ Առավոտյան մենք հերքում տարածել ենք, և նշել, որ նման պայմանագիր գոյություն չունի նախարարությունում, տարածված լուրը սուտ է»,- ասաց նա։
Նախարարին դիմելով՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ իսկ եթե պայմանագիր չէ, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուղարկվել ԱՆ.
«Մենք պետք է ունենանք վստահություն, որ չկա որևէ փաստաթուղթ»։
Ի պատասխան, Ռուստամ Բադասյանն ասաց. «Ես կարող եմ վստահեցնել, որ որևէ փաստաթուղթ, որը կարող է դիտարկվել որպես պայմանագիր, ԱՆ-ն չի ստացել։ Չկա»։
Ռուբեն Մելիքյանն էլ հետաքրքրվեց, որ եթե անգամ նախարարությունում չկա նման փաստաթուղթ, ապա որպես Կառավարության անդամ Բադասյանը տեղյա՞կ է, թե ինչ է ստորագրվելու հունվարի 11-ին Մոսկվայում։
Պատասխանելով հարցին՝ արդարադատության նախարարը նշեց. «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես՝ որպես նախարար, տեղյակ կլինեի նման փաստաթղթի մասին։ Կառավարությունում որևէ նման հարց չի քննարկվել, ես որևէ փաստաթղթի մասին տեղեկություն չունեմ»։
Հիշեցնենք, որ երեկ «MediaPort» տելեգրամյան ալիքը գրել էր՝ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և այդ փաստաթուղթը գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Բավ է ոտնահարեք հայ ազգի իրավունքները, կետ առ կետ հրապարակեք այդ փաստաթուղթը. քաղաքացի
- Եթե չկա այդպիսի փաստաթուղթ, ապա ի՞նչ կա. Արսեն Բաբայան
- Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան