Իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Հայաստանում տեղեկատվական կոլապս է։ Պետական գերատեսչությունները գրեթե չեն մեկնաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքական որոշ գործիչներ էլ հարցազրույցներ են տալիս միայն իրենց նախընտրած լրատվականներին։ Տպավորություն է ստեղծվում, որ նման քայլով քաղաքական գործիչները խուսափում են անհարմար հարցերից։
ԶԼՄ-ները տարանջատելու և թիրախավորելու առումով մշտապես աչքի են ընկնում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Աժ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, վերջերս նման քայլով աչքի ընկավ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը և այլք։ Այս անձիք ոչ միայն տարանջատում են ԶԼՄ-ները, այլև պաշտոնյաներին ոչ հարիր արտահայտություններ են թույլ տալիս լրատվականների և լրագրողների հասցեին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման պահվածքը։ Նման կերպ իշխանությունները զրկում են քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից։ Նման պահվածքը հանգեցնելու է տեղեկատվական ճգնաժամի: Ինֆորմացիոն պատերազմի ժամանակ լրատվության բացակայությունը կամ թերի ներկայացումը շահեկան է միայն թշնամական կողմին։ Կոչ ենք անում առավել պատասխանատու մոտենալ խնդրին ու համագործակցել լրատվամիջոցների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան». Անդրանիկ Քոչարյանը մշտապես աչքի է ընկնում լրագրողների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքով
- Վերջերս լրագրողների և լրատվականների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում․ Է․Խաչատրյան