Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները նստացույց են անում
Անհետ կորած շուրջ 30 զինծառայողների ծնողներ երեկվանից նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ։Այս մասին Panorama.am-ին հայտնեց անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
«Հունվարի 8-ին ժամը 18․00-ից ավելի քան 30 ծնող հավաքվել է զորամասի մոտ և նստացույց է անում։ Մինչև այս պահը, զորամասից ոչ ոք դուրս չի եկել և չի պատասխանել մեզ։ Անգամ մի քանի ճաղավանդակներով, դարպասները մի քանի շերտով փակել են, որ ներս չմտնենք»,- ասաց Ադոյանը։
Նա նշեց՝ պահանջում են, որ իրենց տղաներից՝ 40 հոգի, նորություն ասեն։
«Կմնանք այստեղ մինչև արձագանք լինի։ Ուզում ենք, որ հրամանատարը գա ու ասի ե՞րբ է գնալու Ստեփանակերտ՝ մեր հարցին լուծում տալու, բայց ասում են հրամանատար Արսեն Աբգարյանը պանիխիդա է գնացել։ Այս ժամին ի՞նչ պանիխիդա»,- ասաց նա։
Նստացույց անող ծնողը նաև ընդգծեց՝ Կառավարությանը դիմելն իմաստ չունի, քանի որ իրենց երեխաներին Էջմիածնի զորամասից են ճանապարհել, այստեղից էլ ակնկալում են պարզաբանում։