Այդ փաստաթղթում Շուռնուխ, Որոտան, Խծաբերդ բառերն էլ չկային, ու ռազմագերիների թիվն էլ գնալով մեծացավ
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Արդարադատության շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք պայմանագիրը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, իրենք պարտավոր են այսօր պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարությունից, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք այն փաստաթուղթը, ինչի մասին խոսվում է երեկվանից, գտնվում է նախարարությունում, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ երեկ «MediaPort» տելեգրամյան ալիքը գրել էր՝ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և այդ փաստաթուղթը գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։
Թեև այսօր ԱՆ-ը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ որևէ փաստաթուղթ չի ստացվել, սակայն Ռուբեն Մելիքյանի խոսքով, այդ երկու տող հերքումը բավարար չէ։
«Մենք հենց այստեղից հայտարարում ենք, որ ԱՆ-ում աշխատող գործընկերները լրիվ հնարավորություն ունեն ներքև իջնելու և մեր աչքերին նայելով հերքելու այդ լուրը։ Երեկ մամուլում տարածվեց լուր, որ հունվարի 11-ին հերթական ստորացուցիչ պայմանագիրն է ստորագրվելու։ Մենք ճշմարտանման ենք համարում այդ լուրը, քանի որ չենք կարող գնալ բանակցելու՝ առանց նախագիծ ունենալու։ Մենք իրավունք ունենք ծանոթանալու այդ փաստաթղթին և հասկանալու՝ ինչ է կատարվում։ Ոչ թե մի օր քնենք, հաջորդ օրն արթնանանք ու հասկանանք, որ գյուղը մեզ չի պատկանում, ինչպես եղավ Շուռնուխի դեպքում։ Մենք բոլորս ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որտեղ ասվում էր, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Մեղրի քաղաքի անունն ընդհանրապես չկա։
«Բայց այդ փաստաթղթում Շուռնուխի մասին էլ խոսք չկար։ Ես ցանկանում եմ հասկանալ այդ փաստաթղթի բովանդակությունը։ Խոսք էր գնում նրա մասին, որ Մեղրի բառը չկար այդ փաստաթղթում, հիմա հարց՝ Խծաբերդ բառը կա՞ր, Շուռնուխը կա՞ր, Որոտանի մասին տեղեկություն կա՞ր։ Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչպես են ասում, որ եթե բառը չկա, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Այդպես չէ։ Բացի այդ, խոսք կա այն մասին, որ կապ է տրվում այդ ստանձնելիք պարտավորության և ռազմագերիների վերադարձի միջև։ Հարգելիներս, բայց նոյեմբերի 10-ի հայտարարությունն ինչի՞ մասին էր։ Այնտեղ արդեն հստակ նշված էր, որ ռազմագերիները պետք է վերադառնան, հիմա նորից այդ պայմանի մասին բանակցո՞ւմ ենք»,- նշեց նա։
Ռուբեն Մելիքյանը հարց հնչեցրեց՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմն իր բոլոր պարտավորությունները կատարել է, բայց հայ ռազմագերիները ոչ միայն չվերադարձան, այլ նաև նրանց թիվը ավելի մեծացավ։
«Իսկ մենք մեզ մոտ եղած բոլոր ռազմագերիներին, այդ թվում և սպանության համար դատապարտված մարդկանց շատ արագ հանձնեցինք Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Նոր հարցեր են, որոնք էլ ավելի կարևոր են դարձնում մեր պահանջը, որն է՝ հրապարակել ստորագրման ենթակա փաստաթուղթը, որն ամենայն հավանականությամբ գոյություն ունի և գտնվում է ԱՆ-ում»,- ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով, տեղեկատվության չտրամադրումը անորոշություններ է առաջացնում հասարակության մոտ, իսկ այժմ անգամ զոհերի և գերիների թիվն են պետական գաղտնիք դարձրել։
«Թող ասեն, որ պայմանական 5000 զոհ ունենք, այլ ոչ թե՝ 10 հազար։ Մենք պետք է հարգանքով վերաբերենք այդ մարդկանց, այդ անունները պետք է հասանելի լինեն մեզ, որ մենք հարգանքի տուրք մատուցենք։ Մենք պետք է իմանանք՝ քանի անհայտ կորած ունենք, որ բոլորի ընտանիքների հետ կապ պահպանենք, օժանդակություն հասցնենք»,- նշեց իրավապաշտպանը։
Հարցին, թե արդյո՞ք տելեգրամյան ալիքները այնքան վստահելի աղբյուրներ են, որ կարելի է հավատալ դրանց և ասել՝ նման փաստաթուղթ գոյություն ունի, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.
«Այն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշակի տեղեկատվություն է հրապարակում, որը շատ նման է ֆեյսբուքյան գրառմանը, ինչ արել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ևս մեկ ապացույց է, որ այդ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ պատրաստ է։ Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ հայտարարությունում Մեղրի բառը չկա։ Դա մեծացնում է մեր վստահությունը, որ այդ փաստաթուղթը գոյություն ունի։ Դուք ասում եք տելեգրամյան ալիք, բա ո՞ւմ վստահենք, երբ պետությունն օր օրի կորցնում է իր հանդեպ վստահությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ արդարադատության նախարարության առջև. Ռուբեն Մելիքյան
- Դավաճանը մեր անունից փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի. Լիլիթ Գալստյան
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան