Բավ է ոտնահարեք հայ ազգի իրավունքները, կետ առ կետ հրապարակեք այդ փաստաթուղթը. քաղաքացի
ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց քաղաքացիները պահանջում են ներկայացնել այն փաստաթուղթը, որը հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ «MediaPort» տելեգրամյան ալիքը գրել էր՝ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և այդ փաստաթուղթը գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։
Քաղաքացիներից մեկն իր խոսքում նշեց, որ ներկա իշխանությունները պարզապես կործանում են այս երկիրը։
«Այսօր մենք ձեզնից պահանջում ենք և ասում ենք՝ ներկայացրեք, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ եք ստորագրելու ամսի 11-ին։ Այսօր մենք տեսնում ենք, որ դուք թիկունքից եք խփում։ Մենք հիասթափվում ենք այն հայերից, որոնք պետք է պաշտպանեն մեր հայրենիքը, որոնք պետք է մեր իրավունքները պաշտպանեն, բայց ցավոք, նրանք հակառակն են անում, ոտնահարում են մեր իրավունքը։ Մենք այսօր տվել ենք այնպիսի տարածքներ, որոնք դիտակետային էին։ Մեզ համար այսօր ամենակարևորը իմացությունն է։ Բավ է ոտնահարեք հայ ազգի իրավունքները»,- ասաց նա։
Նրա խոսքով, իրենք այսօր պահանջում են փաստաթղթի հրապարակում, որտեղ ներկայացված կլինեն բոլոր կետերը։
Նախկին ոստիկան Հակոբ Հարոյանն էլ ասաց, որ ինքը դարձել է պահեստազորային ոստիկան, քանի որ չի ուզել ծառայել Նիկոլ Փաշինյանին, թեև իրեն բարձր պաշտոն են առաջարկել։
«Սիրելի՛ ոստիկաններ, դիմում եմ ձեզ։ Գիտեմ, որ բոլորդ էլ համաձայն եք ինձ հետ, դուք էլ մեզ նման տխուր եք։ Եղբայրներ, ներկայումս տեղի է ունենում մի գործընթաց, որից հետո Հայաստանը շուտով հայտնվելու է թուրքի լծի տակ, թուրքը ձեր դեմ ձեր համաքաղաքացուն նվաստացնելու է, բայց դուք՝ որպես օրենքի պահապան, ոչինչ չեք կարողանալու անել։ Ինքներդ էլ դրանում կհամոզվեք շուտով, և կամաց-կամաց կլքեք ձեր հայրենիքը։ Մտածեք տղերք, մտածեք, թե ում եք պաշտպանում»,- նշեց նա։