Ես ունեմ մտավախություն, որ 44 օր շարունակ խաբելուց հետո հերթական սուտն է հրամցվում մեզ. Վարդանյան
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Արդարադատության շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք պայմանագիրը։
Հիշեցնենք, որ երեկ «MediaPort» տելեգրամյան ալիքը գրել էր՝ Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու, և այդ փաստաթուղթը գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։
Այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Էլինար Վարդանյանի խոսքով, փաստաթղթի քննարկում կարող է կազմակերպվել ԱՆ-ի կողմից։ Ըստ նրա, դա կարող է լինել նախնական քայլ ստորագրվելիք փաստաթուղթը ՍԴ ներկայացնելու պարագայում դրա սահմանադրականության վիճարկելիությունը կանխելու առումով։
«Եթե իսկապես այստեղ կա նման փաստաթուղթ, ապա այն պետք է հանրայնացվի, հանրությունն իսկապես իրավունք ունի նոյեմբերի 10-ի նման անակնկալի չգալու։ 44 օր հանրությանը սուտ հրամցրեցին, և մեկ օրում ստորագրվեց փաստաթուղթ։ Եվ այսօր էլ ինձ չի բավարարում այն երկու տողը, որ ԱՆ խոսնակը ներկայացրել էր իր ֆեյսբուքյան էջում։ Ինձ չի բավարարում այդ հերքումը, որովհետև ես ունեմ մտավախություն, որ 44 օր շարունակ խաբելուց հետո հերթական սուտն է հրամցվում մեզ»,- ասաց նա։
Ըստ Էլինար Վարդանյանի, եթե կան կասկածներ, որ իսկապես կա նման փաստաթուղթ, ապա ճիշտ կլինի հրապարակել այն, այլ ոչ թե հերթական անգամ ասել՝ չկա նման փաստաթուղթ։
«Եթե ինչ-որ մեկը ինձ կհամոզի, որ Նիկոլ Փաշինյանն ամսի 11-ին անպատրաստ գնում է Մոսկվա, ես ևս մեկ անգամ կհամոզվեմ իմ կարծիքում, որ մենք չունենք իշխանություն։ Եթե իշխանությունն անպատրաստ է գնում այդպիսի ճակատագրական հանդիպմանը, ապա մենք չունենք իշխանություն։ Եվ եթե հրապարակվի փաստաթուղթը, և հանրությունն էլ դադարի ֆեյսբուքում պայքարելը, ապա կարող ենք ինչ-որ բան անել»,- նկատեց նա։
Էլինար Վարդանյանի խոսքով, այժմ քաղաքացիներն իրենց պայքարը սոցցանցերում են իրականացնում, քանի որ կա՛մ հասարակությունը չի հասկանում վտանգը, որ այսօր առկա է, կա՛մ ուղղակի այդպես հարմար է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան