Վարդան Բալյան. Մեզ անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, մեզ անհրաժեշտ է նոր բանակ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Թվում էր, Արցախյան վերջին պատերազմը պետք է դառնա բովանդակային դիսկուսի թիվ մեկ թեմա հետպատերազմական այս շրջանում։ Բայց մենք հերթական ապուշությամբ ենք զբաղված, այդ թվում՝ իշխանությունը։
Փորձենք մի քանի դիտարկումներ քննարկել։
Այս պատերազմում թուրքական բայրաքթարները մեզ համար ամենալուրջ խնդիրն էին։ Ես կվկայակոչեմ հենց Ալիևի խոսքերը, որ եղբայրական Թուրքիայի անօդաչուները ոչնչացրել են նույնքան հայկական ռազմական տեխնիկա, որքան Ադրբեջանի ամբողջ ծանր ռազմատեխնիկան՝ հրետանին, տանկերը, հիթիռային համակարգերը միասին վերցրած։
Հիմա չեմ քննարկի հակաօդային պաշտպանության բնագավառում մեր լրջագույն խնդիրները, իհարկե, եթե հաջողվեր լուծել դրանք, կունենայինք շատ ավելի քիչ զոհեր, իսկ խփված բայրակթարների թիվը կլիներ շատ ավելին, այդուհանդերձ, պատերազմի տրամաբանությունը չէր փոխվի։ Փոխարենը եկեք արձանագրենք, որ թիրախային ճշգրիտ ոչնչացման զենքերը ավելի արդյունավետ են և էժան, քան ավանդական, այսպես կոչված 80֊ականների զինատեսակները։
Ու այ հենց այստեղ մեզ համար, որքան տարօրինակ հնչի, բացվում են լուրջ հնարավորություններ ապագայի առումով, որոնք մեզ անհաս էին նախկինում որպես փոքր և ոչ այնքան հարուստ երկրի։ Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ ավանդական սպառազինությամբ պատերազմական մարտավարությունը վերջնականապես հնացել է, դարձել է ժամկետանց։ Մենք այսօր ականատես ենք իրական հեղափոխության ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, որի ընթացքում, ցավոք սրտի, էլի քնած ենք էշի ականջում։
Մեզ անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, մեզ անհրաժեշտ է նոր բանակ, մեզ անհրաժեշտ է հնարավորինս օգտվել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում ներկայում ընթացող հեղափոխության արդյունքներից, և ցանկացած, անգամ տարածքով կամ որևէ այլ գործոնով, նաև ռազմական պոտենցիալով գերազանցող երկրի համար մեզ հետ ռազմական բախման պարագայում կործանարար կորուստները անխուսափելի և անտանելի կլինեին։
Առաջիկայում այս թեմայով հրապարակումների շարք կներկայացնեմ, որպեսզի հասկանանք վերջապես՝ մենք ենք որոշում, մեզնից է կախված, և պարտությունը մեկնակետ կդառնա ընդամենը մեծ հաղթանակների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով։
- Շուշիի հետ կապված արդեն բոլորին է հասկանալի, թե ի՞նչ է տեղի ունեցել․ Վարդան Բալյան
- Վարդան Բալյան. Ու սրանք հայտարարում են, թե ընտրությունները չեն կեղծելու
- Վարդան Բալյան. Այս պահին Սյունիքում կենտրոնական իշխանությունը փաաստացի մեռած է
- Վարդան Բալյան. Մենք իրավունք չունենք լռել
- Վարդան Բալյան. Սկսում ենք նոր շարժում, Վերածննդի շարժում