2020 թվականը Եվրոպայում ամենատաքն է եղել
2020 թվականը դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաքն է եղել Եվրոպայի համար՝ անցյալ տարվա ռեկորդը բարձրացնելով 0,4°C-ով: Առանձնանում է նաև նախորդ տարվա աշունը, որը նույնպես դարձել է ամենատաքը: Միևնույն ժամանակ, Երկրագնդի միջին ջերմաստիճանը հասել է չորս տարի առաջ արձանագրված առավելագույնի: Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին նշված է Կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության հայտարարության մեջ։
Հրապարակված տվյալների համաձայն, շարունակվել է նաև մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության նկատելի աճը: Հենց CO2- ն է ապահովում ջերմոցային էֆեկտը, որն առաջացնում է գլոբալ տաքացում:
Արկտիկայի և Հյուսիսային Սիբիրի մի շարք շրջաններում ջերմաստիճանի հատկապես ուժեղ աճ է գրանցվել. պատմական առավելագույնները երբեմն գերազանցվում էին 6°C-ով: Գիտնականները նախազգուշացնում են, որ 1.5°C գլոբալ տաքացումը զգալիորեն կբարձրացնի ավելի լուրջ անտառային հրդեհների, երաշտների, ջրհեղեղների և սննդամթերքի պակասի վտանգը: