Բաքվի շքերթի ամեն մեքենայի համարի հետևում մեր զոհերի անուն-ազգանուններն էին. Ռուբեն Հովհաննիսյան
Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով մտահոգված մտավորականները հրատապ ժողով են անում։
Մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով, պատերազմից հետո հայ ժողովուրդը կորցրել է հայրենիք, ունի զոհեր..., այժմ էլ սկսվել է մշակութային եղեռն։
«Բայց մենք չենք բարձրաձայնում։ Չենք բարձրաձայնում նաև, որ մեր պետությունն ու պետականությունն են վտանգված։ Մենք ժամանակին և հիմա էլ չենք անում այն, ինչ պետք է անենք։ Մենք համառորեն լռում ենք՝ որպես մտավորականներ և մշակութային գործիչներ։ Մենք մանրակրկիտ չենք անդրադառնում մեր կենցաղի, ապրելակերպի բացասականով պարուրվելուն։ Հատկապես մտավորականները պետք է ծառայեն իրենց կոչմանն ու ազգին։ Գոնե մամուլով փորձենք համապատասխան պատասխաններ տալ արդբեջանական կողմին»,- նշեց նա։
Մշակութային գործիչը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են իրենք լռում։
«Այս հարցը նաև ադրբեջանական կողմն է բարձրացնում։ Եվ մեզնից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը։ Մենք չենք բարձրաձայնում նաև, որ թուրքի դարավոր երազանքն իրականանում է նաև հայի ձեռքով, չենք բարձրաձայնում։ Իսկ ո՞վ է մտավորականը. մենք ենք ազգի ու ժողովրդի հավաքական ուժը։ Բայց մենք շարունակում ենք լռել»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ ողջ պատերազմի ընթացքում թշնամին քիմիական զենք է գործածել, բայց այդ մասին հայկական կողմը, հայ մշակութային գործիչները չեն խոսել, չեմ մեղադրել։
«Պետք է հնչեին մեղադրանքներ, որոնք նաև կթարգմանվեին տարբեր լեզուներով։ Անմարդկային ուժ և դաժանություն այսօր էլ են կիրառում մեր հանդեպ, բայց մենք էլի չենք խոսում։ Մենք չենք խոսում Շուշիի պատկերասրահի 400-ից ավելի նկարների մասին, որոնք այդպես էլ մնացին այնտեղ։ Լավ, գոնե շարժական գույքը կարող էինք փրկել, կարող էինք պատերազմի ժամանակ գոնե նման հարցեր բարձրացնել։ Ուղղակի գերագույն խնդրանք ունեմ, եկեք լինենք շատ ակտիվ։ Այո, ես դեմ եմ այս կառավարությանը, ես համարում եմ, որ մենք այս պահին չունենք պետություն և պետականություն, քանի որ չունենք քաղաքական իշխանություն։ Իսկ մենք ի՞նչ ենք անում նորից պետություն ունենալու համար»,- նկատեց մշակութային գործիչը։
Ըստ Ռուբեն Հովհաննիսյանի, մարդիկ ունեն մշակութային գործիչների խոսքի ու պատասխանատվության կարիքը։ Եվ իրենք պետք է այժմ խոսեն, չպետք է լռեն։
«2.5 տարում ամեն ինչ վերացրին, լավ, հիմա ամեն ինչ արդեն կորսված է, այդ ամենը հետ բերելու միասնություն է պետք։ Ֆեյսբուքյան պետություն ենք դարձել, ուրեմն պետք է ակտիվանանք հենց այս պետության մեջ։ Մեր խոսքը, մեր մոտեցումն ու բողոքն ուրեմն պետք է հնչեցնենք ֆեյսբուքում»,- ասաց նա։
Մշակութային գործիչը ցավով նշեց, որ հետպատերազմյան շրջանում թշնամին պախարակում է հային, հետագա սերունդների համար էլ նույն հային դարձնում անեծքի առարկա։
«Մենք չենք հակադրվում, գոնե մենք չենք անում դա։ Ես ընդունում եմ, որ եղել է պետական և ռազմական դավաճանություն, և բավական է արդեն այդ լոզունգները հնչեցնել։ Ժամանակն է արդեն ներքաշել նաև ռազմական գործիչներին՝ ամբողջ պատկերը տալու համար»,- շեշտեց նա։
Իր խոսքում Ռուբեն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Բաքվի հաղթական շքերթին։ Նա նշեց, որ չի կարողացել հետևել դրան։
«Ինձ համար ամենացավալին հրապարակով անցնող մեքենայի համարները տեսնելն էր։ Ամեն համարի հետևում մեր հարյուրավոր զոհվածների անուն-ազգանուններն էին։ Իսկ մենք ի՞նչ ենք անում մեր բանակի համար։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Այս ամենը մեր ցավն ու խնդիրն է»,- եզրափակեց խոսքը մշակութային գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության երեք համաձայնագիր է ստորագրվել Բաքվի շքերթի առթիվ
- «Անդրանիկ Քոչարյանը Բաքվի շքերթի պատվավոր հյուր»
- Մարուքյան. Մեզ հասած լուրերով Ադրբեջանը ծրագրում է շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան