«Ռոլան» 16 փառատոնը նվիրելու է Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին՝ որպես խաղաղության առհավատչյա
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի խոսքով, կինոփառատոնը նախատեսվում էր իրականացնել 2020 թվականի նոյեմբերին, սակայն այն հետաձգվել է։
«Երբ նախորդ տարի մենք պատրաստվում էինք կինոփառատոնին, մեր միակ խնդիրը կորոնավիրուսային համավարակի հաղթահարումն էր, և մենք որպես կարգախոս ընդունեցինք հենց համավարակի հաղթահարումը։ Բայց մեզ սպասվում էր Արցախյան պատերազմ, որը փոխեց թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կյանքը՝ բերելով նոր իրականություն մեզ համար»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Նունե Մանուկյանը։
Ըստ նրա, հետպատերազմյան իրավիճակում որոշում է կայացվել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը նվիրել Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին՝ որպես նոր հույսի, նոր լույսի և խաղաղության առհավատչյա։
«Փառատոնը առցանց եղանակով կանցկացվի հունվարի 11-20-ն ընկած ժամանակահատվածում»,- ասաց նա։
Նունե Մանուկյանը նշեց, որ շուրջ 29 երկրից ստացվել է 180 ֆիլմի հայտ, և ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ՝ 15 երկրից.
«Մենք ունենք 7 մրցանակ՝ «Գրան պրի» , «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն ֆրանկոֆոն» և «Լավագույն ռուսական» ֆիլմ անվանակարգերում։ Փառառոնի շրջանակում կլինեն ֆիլմերի առցանց ցուցադրումներ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ։ Լինելու են նաև պրեմիերաներ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները