Վրաստանում հայերենի ուսուցիչների վիճակը կմնա անփոփոխ
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի հետ համատեղ շուրջ 6 տարի է իրականացնում է ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։ Այդ ծրագրերից ոչ մեկը, սակայն չի վերաբերվում Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին։ Եթե մնացած բոլոր առարկաների ուսուցիչները կարող են քննություն հանձնել ու բարձրացնել կարգավիճակը, և, ըստ այդմ էլ աշխատավարձը, ապա հայոց լեզվի և գրականության ուսուցիչները նույն կարգավիճակով ու աշխատավարձով ստիպված են աշխատել նվազագույնը մինչև 2023 թվականը՝ ծրագրի ավարտը։
Ջավախքի դպրոցների Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները տարիներ շարունակ բարձրաձայնել ու շարունակում են խոսել խնդրի մասին, սակայն այն դեռևս լուծում չի ստացել:
Jnews-ի հետ զրույցում քաղաքի և մի քանի գյուղերի դպրոցների ուսուցիչները խտրական են համարում այս մոտեցումն իրենց նկատմամբ:
«Ցանկությունը մեծ է, ամեն մասնագետ էլ ցանկանում է իր մասնագիտական քննությունը հանձնել, ունենալ նույն կարգավիճակը, ինչ մնացածներն ունեն։ Ինչո՞վ է մեղավոր հայերենի ուսուցիչը, որ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների ուսուցիչը հանձնում է քննություն, ստանում է համապատասխան սերտիֆիկատ և վարձատրվում է բարձր», – ասել է Բալխոյի հանրային դպրոցի հայերենի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղանդիլյանը։
Նա խտրականություն է համարում այն, որ վրացերեն դասավանդող ուսուցիչը մեկ դասաժամի դիմաց ավելի շատ է վարձատրվում, քան հայերեն դասավանդող ուսուցիչը:
Ուսուցիչների խոսքերով, 2008 թվականից մինչև օրս Վրաստանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար ոչ մի թրեյնինգ չի անցկացվել: Նրանք կարևորում են վերապատրաստումը: Ուսուցիչները նշում են, որ միակ թրեյնինգը, որին մասնակցել են այս տարի, երկու օր է եղել, ընդհանուր 6 ժամ տևողությամբ, որն էլ պարզապես ծանոթություն է եղել ուսուցանման նոր մեթոդիկային, այսինքն՝ կապ չի ունեցել ուսուցչի առարկայական մասնագիտական զարգացման կամ առաջընթացի հետ:
«Սա շատ ցավալի հարց է, որովհետև ցանկացած պետության մեջ, եթե մարդիկ ունեն հավասար պարտականություններ, ուրեմն պիտի ունենան նաև հավասար իրավունքներ, հասարակ, տարրական բան է: Ինչո՞ւ բոլոր առարկաններից կա մասնագիտական քննություն հանձնելու, որակավորում ստանալու, թեկուզև աշխատավարձ բարձրացնելու, ֆինանսական առումով ավելի ապահով վիճակում հայտնվելու հնարավորություն, իսկ հայոց լեզվից՝ ոչ։ Ամենացավալի հարցը, նախ դպրոցում հայոց լեզվի դրվածքն է, դասաժամերի տարեց տարի կրճատումը՝ շաբաթական 5-ից մինչև 3 ժամ»,- իր մտահոգությունն է հայտնում մանկավարժության շուրջ 30 տարվա փորձ ունեցող Անթառամ Ղարագյոզյանը։
Հատկանշական է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Վրաստանի հանրային դպրոցներում ամբողջ աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ և կարգավիճակ ունեցող ուսուցիչները 100 լարի (մոտ 30 դոլար) ավելի կստանան: Քանի որ հայերենի ուսուցիչները կարգավիճակ չունեն, կշարունակեն աշխատել նույն աշխատավարձով։ Ի դեպ, նույն խնդրին են բախվում նաև ազգային այլ փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցիչները։
Մինչ այս փոփոխությունը` ավագ մանկավարժի աշխատավարձը կազմում էր 1011 լարի էր (310 $), առաջատար մանկավարժինը` 1435 լարի (440 $), իսկ մենթորինը` 1745 լարի (535 $)։