Հիասթափվել չկա, հոգնել չկա. գործի մեծ մասն արդեն արված է. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչու՞ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։
Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ և հատուկ ծայրահեղ գործողություններ չենք իրականացնում, որ դավաճանների իշխանությունն ավարտին հասցնի իր սև գործը։
Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկության շարժումն իր ձևավորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դավաճանի իշխանությունը րոպե առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք հենց այդ տրամաբանությամբ։ Այո, մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկության շարժման մշակած մոտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը չափազանց ակնհայտ և միանշանակ է՝ դավաճանը պետք է հեռացվի։ Բայց նաև պարզ է, որ այդ համընդհանուր նպատակին հասնելու համար և՛ ժամանակ, և՛ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ։
Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր հայրենակիցների ավելի մեծ մաս է գալու այդ եզրահանգման և միանալու Հայրենիքի փրկության շարժմանը։
Սիրելի' հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով և բացթողումներով հանդերձ, եկեք փաստենք, որ շատ կարևոր խնդիրներ արդեն լուծված են. դավաճան Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժվել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտավորականների հետ շփվել և այլն, և այլն։
Եվ սա մեր հետևողական պայքարի արդյունքն է։
Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում և հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց դա խիստ ժամանակավոր է։ Նիկոլին մեր երկրում մշտապես ուղեկցելու է դավաճանի իր վաստակած կնիքը։ Արդեն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դավաճանին ծառայող վահանների ետևից։ Վաղը նա այդ ամենը տեսնելու է ճաղերի ետևից։ Կարող եք դրանում ոչ մի վայրկյան չկասկածել։
Սիրելի' հայրենակիցներ, մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա համառ ու աննահանջ պայքարի։
Առաջիկա օրերին Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության՝ Նիկոլին ծառայող պատգամավորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եվ այս աշխատանքի կոնտեքստում խնդրանք ունեմ դավաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրույթը փոխանցեք նրանց։ Բացատրեք, որ դավաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նույնպես դավաճանություն է։
Աշխատեք ձեր հարևանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրեք նրանց, որ Հայաստանը փրկության միայն մեկ ուղի ունի՝ դավաճանի հեռացումը։ Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն և ո՛չ էլ ապագա։
Ուստի, հայտարարում ենք պայքարի նոր փուլ։ Համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը, անհնազանդության զանգվածային ակցիաները և զանազան այլ միջոցառումները՝ ամոթի պատին գամելով և հեռացնելով Հայրենիքը վաճառած դավաճաններին։
Հեշտ չի լինելու։ Դա դժվար ուղի է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ արհավիրքների հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում։
Ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Հիասթափվել չկա, հոգնել չկա։ Գործի մեծ մասն արդեն արված է։ Մնացածն էլ գլուխ կբերենք և կանցնենք էլ ավելի դժվար, բայց շատ կարևոր աշխատանքի՝ Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգության ապահովմանը։
Աստծով»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Հայաստանի գրողների միությունն ակնկալում է Փաշինյանի հրաժարականը
- Հայրենիքի փրկության շարժումը քննարկել է Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը
- Վազգեն Մանուկյանը դիմում է ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ
- «Արադարություն» կուսակցության կոչը՝ օր առաջ հասնել Փաշինյանի հրաժարականին