Իշխանության թերացումներն ու ոչ լուրջ վերաբերմունքը հանգեցրին իմ որոշմանը. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած, այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խմբակցությունից դուրս գալու որոշումը բավականին երկար մտածելուց հետո է ընդունել, սակայն պատճառների մասին խոսել չի ցանկանում։
«Գոնե այս պահին չեմ ուզում անդրադառնալ խմբակցությունից դուրս գալուս պատճառներին։ Ինչ վերաբերում է գործընկերներիս արձագանքներին, ապա ես չեմ ուզում դրանք մեկնաբանել, թող ամեն մեկն իր խղճով մոտենա հարցին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ իր հասցեին հնչած որակումներն անհարիր էին։
Դիտարկմանը, որ խմբակցությունը լքելու իր որոշումը պատերազմի ավարտից գրեթե երկու ամիս անց է եղել, և այդ համատեքստում պատճառները պետք է նշվեն, Սոյֆա Հովսեփյանն արձագանքեց.
«Պատերազմի ելքից և հայտարարության ստորագրումից հետո շատերը սպասում էին, որ ես դուրս կգամ, և տրամաբանական էր իմ դուրս գալը՝ ելնելով իմ արժեհամակարգից ու մտածողությունից, որ ես ունեմ մեր երկրի ու հայրենիքի նկատմամբ։ Բայց հասկանալով երկրի առաջ ծառացած խնդիրները՝ ես ինքս որոշեցի, որ պետք է ուղղակիորեն լծվեմ այդ խնդիրների լուծմանը։ Խնդիրները չափազանց շատ էին, և իշխանության վերաբերմունքը, գործողություններն ու թերացումները, ինչպես նաև ոչ լուրջ վերաբերմունքը գործողությությունների կատարման հարցում, հանգեցրին իմ որոշմանը»։
Հարցին՝ ինչո՞ւ էին իմքայլականները հարցեր տալու փոխարեն ծափերով ընդունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչ պետք է, այդ էլ բանակցում են, Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց, ասելով, որ ինքը բոլոր ժամանակներում հարցեր տվել է և ստացել է պատասխաններ։
«Հարցեր տրվել են թե՛ խմբակցության առանձին նիստերի ժամանակ, թե՛՝ առհասարակ։ Եվ բոլոր դեպքերում վարչապետի դիրքորոշումը եղել է՝ որևէ դեպքում հողեր չհանձնելը։ Բնականաբար, դա ընդունելի է եղել ինձ համար։ Եթե այդ ժամանակ խոսք լիներ այն մասին, որ մենք պատերազմով պետք է հող հանձնենք, ապա բնականաբար իմ արձագանքն այլ կլիներ»,- նկատեց պատգամավորը։
Միևնույն ժամանակ, Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իր վրա չի վերցնելու այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի ուսապարկն ավելի շատ ձայներ կհավաքեր, քան ինքը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյան. «Իմ քայլը» լքած անձինք պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր
- Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում