Անդրանիկ Թևանյանը՝ Օնիկ Գասպարյանին. Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ
«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան:
Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության հարցում ու դա անելու է այնքանով, որքանով իր շահերը կպաշտպանվեն: Մնացածը Ադրբեջանի շահն է: Հայաստանը Մոսկվայում հունվարի 11-ին ներկայացուցիչ չի ունենալու:
Աշխարհը զարմացած է, իսկ թուրքերն ու ադրբեջանիցները՝ ուրախացած, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը դեռ ղեկավարում է ՀՀ-ն:
Մեզ մոտ բոլորը բոլորին մեղադրում են այն բանի համար, որ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնող (քաղաքական կամ այլ ճանապարհով) չկա: Բոլորը մեղադրում են, բայց սխալ հասցեով:
Հիմա բացատրեմ, թե ինչն ինչոց է:
Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի ու պարտության համար ինքը թիվ մեկ մեղավորը չէ, սակայն իրականում հենց նա՛ է թիվ մեկ մեղավորը: Բայց նա միակ մեղավորը չէ:
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համանման իրավիճակներում եթե կապիտուլյացիայի տարած պետության ղեկավարը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնում են: Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջման միջոցով: Օրինակ՝ եթե Սևրի պայմանագրից հետո թուրք զինվորականներն իրենց ձեռքը չվերցնեին պետությունը և Աթաթուրքը պետականամետություն չցուցաբերեր, ապա այսօրվա Թուրքիան չէր լինի:
Ասածս այն է, որ եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմն սկսելուց մի քանի օր անց զեկուցագրեր է ներկայացրել, որ մենք խնդիրներ ունենք և պետք է կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետը չի արել դա ու դեռ մի բան էլ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ զինվորներին գիտակցաբար տարել է մսաղացի մեջ՝ անտեսելով նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հորդորներն ու Պուտինի առաջարկները, ապա Օնիկ Գասպարյանը լեգիտիմ իրավունք ուներ և պարտավոր էր քայլերի դիմել:
Գասպարյանը կա՛մ պետք է հրապարակավ խոսեր խնդիրների մասին, ճշմարտությունը ներկայացներ մեր ժողովրդին ու հրաժարական տար՝ կոչ անելով քաղաքական ուժերին, իշխող խմբակցությանն ու ժողովրդին հեռացնել Նիկոլին, կա՛մ պետք է իր ղեկավարած կառույցով հեռացներ Նիկոլին՝ փրկելով Արցախի պետականությունը, մեր զինվորների կյանքն ու Հայաստանի սահմանները: Օնիկ Գասպարյանը չի արել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քայլը:
Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շատ լավ իմանալով, որ մեր զինվորները թուրքական «Բայրաքթարների» զոհ են դառնում, քայլ չի արել:
Ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո Գասպարյանը շարունակել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի աթոռային շահը և նպաստել ՀՀ-ի փակուղու առաջ հայտնվելուն ու մեր շարունակական պարտություններին:
Սա պետք է հստակ արձանագրվի, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, որ միայն Նիկոլով չի դավաճանվում մեր երկրի շահը: Նիկոլն ունի համախոհներ կամ հնազանդ կամակատարներ, որոնք հավասար պատասխանատվություն են կրում ու ոչ պակաս մեղավոր են:
«Ես ի՞նչ կարող եմ անել» ձևակերպումը չի ընդունվում: Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին:
«Տակից» ընդդիմության հետ կապ պահելն ու խաղեր տալը զինվորականին վայել պահվածք չէ: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին