Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի
Հունաստանը հաստատել է Իսրայելի հետ 1 միլիարդ 680 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը, որը նախատեսում է 10 գերժամանակակից ռեակտիվ կործանիչների ձեռքբերում և օդաչուների ուսուցում: Աթենքն արդիականացնում է իր պաշտպանությունը՝ ելնելով իր վաղեմի թշնամի Թուրքիայի հետ վերջին ժամանակներս լարվող հարաբերություններից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս գործարքը պայմանագրի վերածելու արարողությունը տեղի կունենա եկող շաբաթների ընթացքում, ազդարարելով Հունաստանի և Իսրայելի միջև պաշտպանության բնագավառում կնքված ամենախոշոր գործարքը:
«Իսրայելում այլոց հեշտությամբ չեն վստահում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության բնագավառին։ Այս գործարքը կարևոր է ոչ միայն ռազմական բնագավառը զարգացնելու համար, այլ նաև կարող է է՛լ ավելի խորացնել հարաբերություններն Աթենքի ու Երուսաղմի միջև»,- ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հույն փորձագետ Կոստաս Ֆիլիսը, հիշեցնելով արաբական աշխարհի նկատմամբ Հունաստանի թեքվածությունը քսան տարի առաջ փոփոխության ենթարկվելու փաստը:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանթցի խոսքերով, այս գործարքը «կծառայի և Իսրայելի, և Հունաստանի շահերին, կբացի հարյուրավոր նոր աշխատատեղեր երկու երկրներում ու կնպաստի միջերկրածովյան շրջանում կայունությանը»:
Պայմանագրի ստորագրման դեպքում Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաև սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Իսրայելի պաշտպանության էլեկտրոնային «Elbit Systems» ընկերությունը Հունաստանում կհիմնի թռիչքների դպրոց, մարզելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին:
Հունաստանն Իսրայելից վերջին տարիների ընթացքում վարձել է անօդաչու թռչող սարքեր` Թուրքիայի հետ իր սահմանները հատկապես Էգեյան ծովում վերահսկելու նպատակով: Հունաստանն ու Իսրայելն անցյալ տարի միացան Կիպրոսին` կառուցելու համար 1900 կիլոմետր երկարություն ունեցող ստորջրյա մի խողովակաշար` Միջերկրական ծովի արևելյան հատվածում արագ զարգացող գազի հանքերից բնական գազը դեպի Եվրոպա արտահանելու նպատակով:
Էներգետիկ աղբյուրների հետ առնչվող գործարքները մեծապես են մտահոգում Թուրքիային, որը վերջին ամիսներին բնական պաշարներ հայտնաբերելու նպատակով հետազոտական նավեր էր ուղարկում ծովային այն հատվածները, որոնք Հունաստանը համարում է իր տարածքը:
ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանն ու Թուրքիան երկար տարիներ է, որ մարտահրավերներ են նետում մեկը մյուսի օդային ու ջրային տարածքներում: Դաշինքի այս երկու անդամները Էգեյան ծովում ուղիղ 25 առաջ կանգնել էին պատերազմի պռնկին:
Ու քանի որ կողմերի միջև հակասությունները չեն մարում, Աթենքը որոշել է գնել նոր ռազմաօդանավեր, ռազմանավեր, ուղղաթիռներ ու այլ համակարգեր նաև ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին