Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
«Ուրախ եմ ձեզ ողջունել Մոսկվայում ու շնորհակալ եմ, որ արձագանքեցիք համատեղ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության կատարման ընթացքն ու հետագա քայլերը՝ խնդիրների կարգավորման ու խաղաղ կյանքի հաստատմանը տարածաշրջանում»,-ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։
Պուտինը նշեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին բազում մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակը Հարավային Կովկասում ու մեծացրին ահաբեկչության տարածման վտանգը։
«Շնորհակալ եմ, որ դրականորեն ընդունեցիք Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ կայունացնել իրավիճակը, հասնել հրադադարի կայուն հաստատման»,-ասաց Պուտինը, հավելելով, որ համատեղ ջանքերով, անգամ գիշերային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել հայտարարության ստորագրման։
Պուտինի խոսքերով, Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին։
«Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական զարգացումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ», - ասաց Պուտինը, հավելելով, որ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է։
ՌԴ նախագահի խոսքերով, այն նախադրյալներ է ստեղծում երկարատև ու ամբողջական ձևաչաձով հակամարտության լուծման համար՝ արդար հիմքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդների համար։
ՌԴ նախագահը խոսեց խաղաղապահների, հրադադարի ռեժիմի վերահսկման ու Հայաստանից «փախստականների» վերադարձի մասին, ռազմագերիների ու զոհերի մարմինների վերադարձի, հումանիտար արձագանքման խմբի գործունեության, ականազերծման, ճանապարհների վերականգնման մասին։
«Այսօր կարևոր կլինի, առաջին հերթին, ուրվագծել կարգավորման հիմնական ոլորտներում հետագա քայլերը, որոնք նախանշվել են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված խնդիրները, սահմանազատման գծերի հստակեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը»,- ասաց Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշեց, որ «տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմաններ բացելու» խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի:
«Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը կնախագահեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», - ասաց Պուտինը:
Պուտինը հույս հայտնեց, որ բանակցությունները «կընթանան գործարար մթնոլորտում և կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և առաջադեմ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելուն», «ինչում, մենք բոլորս հետաքրքրված ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման շուրջ