Ինչպես է Հովսեփ Օրբելին կանխել Էրմիտաժի գանձերի վաճառքը
Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն՝ Մարինե Բունիաթյանը հայտնում է, որ տուն-թանգարանի այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվել է Էրմիտաժի գանձերի վաճառքը։
«1928-1932թթ. Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու և երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաև Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա դիմեց այդ տարիների համար աննախադեպ քայլի. նամակ գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը և մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի հետ: Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որը փրկեց ոչ միայն Էրմիտաժը, այլև երկրի շատ մշակութային օջախներ: Այդ քայլով նա կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի հյուրերը. դա, անկասկած, Հովսեփ Օրբելու արժանիքն է»,- պատմել է Մ. Բունիաթյանը:
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:
Նա հայտնել է, որ այս ուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Այս նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան