Վարդան Բալյան. Հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր փորձությունների հերթական մի նոր շրջան։ Ցավոք, այդպիսիք բազմաթիվ են եղել, արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել են ու դարձել պանդուխտ, և հայը կարծես դարձել է անցյալի հզորության և փառքի երազանքով և հայրենիքի կարոտով ապրող ժողովուրդ։ Մեր ազգային վերելքի ու անկման պատճառները միշտ եղել են նույնը՝ սեփական ինքնությունից խռոված, միասնությունը պառակտած անկարող ենք եղել պաշտպանել ազգային արժանապատվությունը և հայրենիքը։
Ամեն անգամ ազգային ներքին քայքայումը և ճգնաժամը խորացրել է անկումը, կազմաքանդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, արժեզրկել ազգային պետականության ավանդույթները։
Վերջին պատերազմում հերոսաբար կռված զինվորները և հերոսացած նահատակները այսօր պարտավորեցնում են վերականգնել ազգային պատիվը, հայ ազգի ոգու և կամքի միասնությունը։
Այդ նշանակում է հանձնառություն նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և նոր պետականաշինության ծրագիր ու իրականացնել մինչև վերջ՝ վճռական հաստատակամությամբ։
Գլուխ խոնարհելով անցյալի մեր բոլոր հայրենատեր նահատակների հիշատակի առջև՝
մենք հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին, որ պետք է փոխարինի վճռական գործողությունների անկարողունակ գործող կառավարությանը և վերականգնի մեր ժողովրդի ու պետության անառարկելի հեղինակությունը։
Նպատակը՝ միավորել ազգային բոլոր կենսունակ ուժերին յուրաքանչյուր հայի հետ ազնիվ և արդար ազգային պետության կառուցման գործում, որ կպաշտպանի մեր լեզուն, մշակույթը, հավատը, մեր ազատությունը, մեր պատիվը, մեր հայրենիքը, մեր բոլորի Հայաստան աշխարհը։
Կուսակցության հիմնադիր համագումարը նախանշանված է մեզ համար խորհրդանշական օր՝ 2021 թվականի փետրվարի 21֊ին/ 21.02.2021 ՝ Մայրենի լեզվի օրը։
Վաղվանից կսկսենք հրապարակել հիմնադիր և ծրագրային փասաթղթերը ու ձևավորել նախաձեռնող խումբ։
Պատիվ կհամարեմ գաղափարի ընկեր դառնալ յուրաքանչյուր հայրենատեր հայի»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Մեզ անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, մեզ անհրաժեշտ է նոր բանակ
- Վարդան Բալյան. Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով։
- Շուշիի հետ կապված արդեն բոլորին է հասկանալի, թե ի՞նչ է տեղի ունեցել․ Վարդան Բալյան
- Վարդան Բալյան. Ու սրանք հայտարարում են, թե ընտրությունները չեն կեղծելու