ԱՀԿ-ն Հայաստան է առաքել COVID19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ
ԱՀԿ-ն Հայաստան է առաքել և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել COVID19-ի՝ արագ ախտորոշման հակագենային 40,000 թեստ, որոնք կարճ ժամանակահատվածում կարողանում են հայտնաբերել մարդու օրգանիզմում առկա ակտիվ SARS-CoV-2 վարակը։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Նշվում է, որ արագ թեստավորումը նպաստում է COVID-19-ով հիվանդների ժամանակին հայտնաբերմանը, մեկուսացմանը և դեպքերի կառավարմանը, ինչը կարևոր է երկրում համաճարակի զսպման համար։ Սակայն այն կիրառելի չէ բոլոր իրավիճակներում. միայն բուժաշխատողները և հանրային առողջապահության մասնագետները կարող են որոշել, թե ինչպիսի իրավիճակում և հիվանդության որ շրջանում այն կարող է ցույց տալ վստահելի արդյունքներ։
Հակագենային թեստերը արագ ախտորոշման թեստերի դեռևս միակ տեսակն են, որը կարելի է կիրառել COVID-19-ի ախտորոշման համար։ Այս տեսակ թեստերի ընդամենը մի քանիսն են անցել համապատասխան ստուգումներ։ Լաբորատորիաները պետք է զգուշությամբ ընտրեն, թե որ թեստը կարելի է կիրառել՝ վստահ լինելու համար, որ օգտագործվող թեստերը համապատասխանում են որակի վերահսկողության պահանջներին։
Միաժամանակ, հակագենային այս թեստերն ունեն մի շարք առավելություններ․ հեշտ փոխադրելի են, կիրառության մեջ դյուրին, ինչպես նաև՝ հուսալի թեստավորումը հասանելի են դարձնում ավելի մեծ քանակով մարդկանց համար։
ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցը մատնանշում է այս թեստերի կարևորությունը հատկապես այն վայրերում, որտեղ վարակն ունի լայն տարածում, իսկ ՊՇՌ մեթոդով հետազոտություն անցկացնելն անհնար է կամ թեստի արդյունքներն ստանալու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ։