Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին հոգեկան տառապանքներ պատճառելու համար. ՄԻՊ
«Ադրբեջանը գերիների հարցն ակնհայտ քաղաքականացնում է, ինչն անթույլատրելի է»,- ասուլիսում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա ընդգծեց՝ անթույլատրելի է հետպատերազմական այս փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, դա, ըստ նրա, կոպիտ խախտում է:
«Միջազգային պահանջների համաձայն՝ գերիները պատերազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ, նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելն ու ձերբակալելը, որը դիտվում է որպես պատիժ, արգելվում է: Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգելը նույնպես արգելվում է, ըստ էության, դա պատերազմական հանցագործություն է»,- մանրամասնեց Պաշտպանը:
Ա. Թաթոյանի խոսքով, Ադրբեջանի քաղաքականության մեջ նկատվում է մի գիծ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը տարածում են մինչև այդ եղած իրավիճակների վրա:
«Սա նույնպես անթույլատրելի է, պետք է նոյեմբերի 10-ից հետո իրավիճակների նկատմամբ էլ կիրառելի լինի, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ կողմներն ունեն գերիներ, որոնք մեծ հաշվով կապված են այս պատերազմական գործողությունների հետ»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին, հատկապես գերեվարված մարդկանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու, հասարակության էմոցիաների հետ խաղալու համար՝ դրանով հանդերձ լարվածություն առաջացնելով:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ակնհայտ ադրբեջանական քաղաքականության մաս է: Բացի այդ, իրենք չեն հայտնում գերիների իրական թիվը»,- ասաց Ա. Թաթոյանը:
Նա նշեց, որ ունի իր պատկերացումները ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրական թվի մասին, սակայն ճիշտ չէ հայտնելը Մարդու իրավուքների պաշտպանի հաստատության իրավասության ծավալի տեսանկյունից:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ, Ա. Թաթոյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ, որևէ խնդիր չկա: Իհարկե, բայց միշտ մի պայման եմ ունեցել, որ եթե Արցախին վերաբերող հարցեր են քննարկվելու, պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը, քանի որ մարդու իրավունքների հարց է, քաղաքական որևէ հարց չկա:
Հայաստանի պարագայում միշտ էլ, որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան, բաց եմ համագործակցության համար»:
Այնուհետև նա մի դեպք պատմեց. «Երբ 2020 թվականի մայիսին ԱԺ-ում ներկայացնում էի տարեկան հաղորդումը, պատգամավորներից Տաթև Հայրապետյանը հարց տվեց այն մասին, թե ինչպե՞ս եմ պատկերացնում իմ համագործակցությունը Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Բավականին լավ հարց էր, պատասխանեցի այնպես, ինչպես հիմա, որ պատրաստ եմ, ի՞նչ խնդիր կա, բայց այն կողմից, ցավոք սրտի, չունենք արձագանք:
Դրանից հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը լայանածավալ հայտարարություն տարածեց բացահայտ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին, որ ԱԺ-ում էժանագին շոու եմ կազմակերպել: Ասում է՝ եթե Հայաստանի ՄԻՊ-ն ուզում է հանդիպենք, պայման ունեմ՝ գնա, համոզի իր քաղաքական ղեկավարությանը, որ Արցախի տարածքների դեօկուպացիա տեղի ունենա, նոր կմտածեմ հանդիպման հնարավորության մասին:
Բնականաբար, այդ հայտարարությանն արձագանքեցի, ուղարկեցի միջազգային ատյաններ:
Միջազգային գործընկերներին նաև ասել էի՝ կարո՞ղ է տպավորություն է, որ գիշեր-ցերեկ չեմ քնում, մտածում եմ իր հետ ո՞նց հանդիպեմ: Բացի այդ, անկախության աստիճանով ակնհայտ ցածր հաստատություն է:
Քանի որ նման պահվածք կա, հիմա աշխատում եմ միջազգային կառույցների միջոցով:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, բայց չի նշանակում, որ անձնական ու ազգային արժանապատվության հաշվին պետք է հանդիպումներ ունենամ»:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակիչները զրկվել են հողատարածքներից. Թաթոյան
- Գորիսից տարբեր համայանքներ տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո. ՄԻՊ
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
- ՄԻՊ. Գերեվարված զինծառայողները պետք է վերադարձվեն Հայաստան անհապաղ ու առանց նախապայման