Կվավերացվի «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցով ԱՊՀ պետությունների փոխգործակցության» համաձայնագիրը
Մեկնարկել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցով ԱՊՀ պետությունների փոխգործակցության» մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։
ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով, համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին։ ԱՊՀ անդամ պետություններից այն չեն ստորագրել Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը։
«Համաձայնագիրը կնպաստի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և ճառագայթային անվտանգության բնագավառում ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցության ամրապնդմանը, բնակչության առողջությանն ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմանը։ Համաձայնագրով կարգավորվում է մասնակից երկրների տեղեկատվական փոխգործակցությունը՝ մի երկրի տարածքից մյուսի տարածք ռադիոակտիվ նյութերի տեղափոխման դեպքում։ Համաձայնագրի կողմերը միմյանց պետք է աջակցեն ռադիոակտիվ նյութերի տեղափոխման կարգի խախտումները հայտնաբերելու հարցում»,- մանրամասնեց ՏԿԵ փոխնախարարը։
Նա տեղեկացրեց նաև, որ համաձայնագրի վավերացումից հետո ՏԿԵ նախարարությունը կդառնա լիազոր մարմին, որպեսզի իրականացնի հաշվառում և տեղեկատվության փոխանակում։
«Մասնագիտական վերլուծություններն արդեն իսկ կատարվում են Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից։ Եվ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի լինի»,- նկատեց նա։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ն շանս ունի իր ռադիոակտիվ թափոնները որոշակի զենք դարձնելու։
Ի պատասխան, ՏԿԵ փոխնախարարն ասաց, որ ռադիոակտիվ թափոններն ու օգտագործված միջուկային վառելիքը միշտ չէ, որ դասակարգվում է որպես թափոն։
«Ձեր ասածը վերաբերում է օգտագործած միջուկային վառելիքին, որը ՀՀ-ում պահվում է չոր պահեստարաններում։ Ձեր հարցի պատասխանն այո է, բայց տեսականորեն։ Իսկ տեխնոլոգիաների մասին չեմ կարող խոսել, քանի որ մասնագետ չեմ»,- պատասխանեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին