Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ.
«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:
Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:
Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը
- Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Բաքվի ջարդերը պետք է որակվեն ցեղասպան գործողություններ. Աշոտ Մելքոնյան
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան