ԱԺ-ում Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է իմքայլականների հետ
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում են է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
ՀԺ-ն երկու օր առաջ գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ. «Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը»:
ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել, երբ հրաժարական էր ներկայացրել Հայկ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր. «Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել և քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջև մտնել ԲԴԽ, և ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «վնգստացողների» հարցերը լուծելու համար իշխանությունները որոշել են նաև օրենքը շրջանցել։
Մասնավորապես, դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:
Իսկ, ահա, Գագիկ Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին և 66 տարեկան է, այսինքն՝ 6 տարի մեծ է պահանջվող տարիքային շեմից։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել տարիքային սահմանափակման պատճառով»: