Ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան. նախարար
«Ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան, որը քննելու է ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունները, այլ նաև ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման քաղաքացիական հայցերը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ մինչև վերոնշյալ դատարանի ստեղծումը կոռուպցիոն հանցագործությունները, կամ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերը քննելու են մյուս դատարանները։
«Նպատակ ունենք կոռուպցիոն հանցագործությունների քննության դեպքում ապահովել մասնագիտացման առկայությունը, քանի որ այս տեսակի գործերի քննությունը պահանջում է լրացուցիչ գիտելիքների առկայություն։ Բացի այդ, մենք և հանրությունը միանշանակ չենք վստահում գործող դատական համակարգին, և դրա մասին բազմիցս խոսել ենք։ Այո՛, սա նաև հնարավորություն է դատավորների բարեվարքության ստուգման համար»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպես է իրականացվելու դատավորների ընտրությունը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, ասելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչև ԲԴԽ-ում բանավոր քննությունը, իրականացնում է բարեվարքության ստուգում, տրամադրում է խորհրդատվական տեղեկատվություն։
«Որոշում կայացնող մարմինը կարող է հիմք ընդունել տրված եզրակացությունը։ Գործող դատավորներն էլ կարող են դիմել, պայմաններին համապատասխանող այլ մարդիկ էլ։ Մրցույթ է հայտարարվելու, դիմումներ են ընդունվելու»,- ներկայացրեց նախարարը։