Այսօր զբոսաշրջության ոլորտը պահպանելու և փրկելու խնդիր կա. Մեխակ Ապրեսյան
«Ընդհանուր առմամբ զբոսաշրջության ոլորտը քնած է, և բոլոր այն ընկերությունները, որոնք ներգրավված չեն ներքին զբոսաշրջության մեջ, կանգնած են»,- ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջության ոլորտը՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով, շատ ընկերություններ փորձում են ատամներով պահել գործունեությունը, աշխատատեղերը և չնայած կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագրերով նախատեսված օգնություններին՝ այսօր ոլորտը պահպանելու և փրկելու խնդիր կա:
Ըստ Ապրեսյանի, դրա համար պետք է մշակվի և ընդունվի զբոսաշրջության համար կորոնավիրուսի և պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագիր:
Անդրադառնալով վիճակագրական ցուցանիշներին՝ ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում 2020 թվականի առաջին 10 ամիսներին մոտ 72 տոկոսով նվազել է զբոսաշրջության այցելություների թիվը և նախորդ տարվա հետ համեմատած մոտավորապես 900 մլն այցելություն տեղի չի ունեցել:
Ապրեսյանը ենթադրեց, որ տարեկան ամփոփված տվյալներով այդ թիվը կհասնի 1 միլիարդի:
«Հայաստանում 2020 թ. ներգնա շբոսաշրջությունների թիվը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մոտ 77 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում։ Շուրջ 320 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն է եղել»,- տեղեկացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը և հավելեց, որ արտագնա զբոսաշրջությունը նույնպես նվազել է 78.2 տոկոսով:
Նրա խոսքով, 2020 թ. ամփոփվելիք տվյալներով, եթե ներգնա այցելությունները լինեն 350 հազար, ապա դա նշանակում է, որ 1.9 միլիոնից պետք է հանել 350 հազար: «Այսինքն՝ 2019-ի համեմատ շուրջ 1.5 միլիոնով պակաս այցելություն ենք ունենում, որ նշանակում է՝ մոտ 80 տոկոսով նվազել է»,- ներկայացնելով ներգնա տուրիզմի վիճակը՝ հայտնեց Ապրեսյանը:
Նա նաև արձանագրեց, որ ներքին զբոսաշրջությունն էլ 2020 թ-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 33 տոկոսով։ Մասնավորապես, ըստ Ապրեսյանի, նշված ժամանակահատվածում ներքին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 934 հազար այցելություն, իսկ 2019-ի հունվար-սեպտեմբերին՝ 1 մլն 405 հազար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան