Իմ՝ դատախազ եղած ժամանակ ո՞ր հանցագործությունն է կոծկվել. Ջհանգիրյան
«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում և չեն առաջադրել նաև նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու:
Նա այսպես արձագանքեց լրագրողների դիտարկմանը, թե իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ նա չի կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, մատնանշում են նրա՝ զինդատախազ եղած ժամանակ Մատաղիսի գործը, նաև այդ ժամանակ կոծկվել են մի շարք հանցագործություններ:
«Մատաղիսի գործով, երբ այդ դատապարտյալներն ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը, որն էլ այդ գործը տարել է մինչև վերջ»։
Նա նշեց, որ նույնիսկ արդարացումից հետո իր կարծիքը չի փոխվել՝ այդ անձնավորություններն են հանցագործները:
Հիշեցնենք, որ 2005 թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր էր ճանաչել «Մատաղիսի» զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին նույն զորամասի երկու զինծառայողների սպանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին բողոքարկել են դատավճիռը՝ հերքելով իրենց մեղսագրվող արարքները և խնդրել են վերանայել գործը։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թ. մայիսի 30-ին Ա. Զալյանին, Ռ. Սարգսյանին և Մ. Սերոբյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները և գործն ուղարկել նոր նախաքննության, և մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվել էին որպես մեղադրյալ: 2012 թ. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման վճիռ էր կայացրել՝ ապացույցների անբավարարության հիմքով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ 2016թ. մարտի 17-ի որոշմամբ ճանաչել է Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությանը, որպես բարոյական վնասի փոխհատուցում նախկին ամբաստանյալներին վճարել է 50 000 եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Մատաղիսի գործ. Փոստանջյանը 12 տարի անց էլ չի մոռանում Ջհանգիրյանի հեգնանքը
- Ալումյանը Մատաղիսի գործով ՄԻԵԴ դատավճիռը համարում է լիարժեք հաղթանակ
- «Մատաղիսի գործ»-ով արդարացվածները Ջհանգիրյանի դեմ բողոք են ներկայացրել
- Մատաղիս. Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի
- Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)
- Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան