Իմփիչմենտ․ Ներկայացուցիչների պալատը Փենսին կոչ է անում հեռացնել Թրամփին իշխանությունից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից երկրի Կոնգրեսի շենքը գրոհելուց օրեր անց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականներն այժմ սկսել են Թրամփին պաշտոնից ազատելու գործընթաց:
Որպես առաջին քայլ է համարվում այն բանաձևը, որը կոչ է անում երկրի փոխնախագահ Մայք Փենսին ու Թրամփի կառավարության անդամների մեծամասնությանը կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, որով նախագահը համարվում է անհամատեղելի այս պաշտոնում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Իսկ եթե փոխնախագահն ու կառավարությունը չկիրառեն այս միջոցը, Կոնգրեսը կսկսի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:
Փենսն իհարկե չի պատրաստվում դիմել այդ քայլին: Սա նշանակում է, որ նախագահին անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ շաբաթվա կեսին` նրան մեղադրելով Twitter- ի իր էջում կատարած գրառումներով և իր աջակիցներին հղված արտահայտությունների միջոցով ապստամբություն հրահրելու մեջ:
Հիշենք Թրամփի հետևյալ խոսքերը. «Եթե չպայքարեք խենթի պես, այլևս չեք ունենա հայրենիք»:
Այսօր, երբ նախագահի պաշտոնում Բայդընի երդմնակալությանը մնացել է մեկ շաբաթից միայն մի քիչ ավելի ժամանակ, դեմոկրատներն ասում են, թե աշխատում են արագացված ռեժիմով:
Ու եթե դա նրանց հաջողվի անել, Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ կդառնա իմփիչմենթի երկու անգամ ենթարկված առաջին նախագահը:
Ինչպես վերլուծաբան Փոլ Բերմանն է ասում, «գործող նախագահի կողմից ԱՄՆ-ի կառավարության դեմ ապստամբության հրահրումն ամենավատ արարքն է, որը նախագահը կարող է թույլ տալ»: Նրա խոսքերով, կա ևս մի կարևոր հարց այս առումով: Եթե նա ենթարկվի իմփիչմենթի ու մեղադրվի, ապագայում այլևս երբեք չի ունենա իր թեկնածությունը դնելու իրավունք:
Որոշ հանրապետականներ ևս կարծում են, որ Թրամփը պիտի հեռանա մինչև նոր նախագահի պաշտոնավարումը: Ադամ Քինզինգերի խոսքերով, Թրամփն ինքը պիտի ներկայացնի հրաժարական, ինչ էլ ասում է նա, կդառնա ժողովրդի միջև առաջ եկած վերքերը բուժելու միջոց:
Կա կարծիք նաև, որ դեմոկրատներն այդ հարցը Սենատ ուղարկելու համար հավանաբար կսպասեն մի քիչ ավելի երկար, որպեսզի իմփիչմենթի հարցով դատավարությունն ընթանա Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների մեծամասնության պայմաններում: