Չեմ կարծում՝ գերիների թեման այն հարցն է, որ պետք է որևէ մեկի կողմից շահարկվի. Մակունց
«Խմբակցության խորհրդակցության արդյունքում է որոշվել Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, Գագիկ Ջհանգիրյանը ոլորտի պրոֆեսիոնալ է, և դա առաջնային դեր է ունեցել՝ նրան առաջադրելու հարցում։
«Իհարկե, նրա հետ կապված հարցերը, հանրային դաշտում առկա մեկնաբանություններն ու դիրքորոշումները հնչեցվել են, և Գագիկ Ջհանգիրյանը խմբակցությանը սպառիչ պարզաբանումներ է ներկայացրել»,- նշեց նա։
Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամ դառնալու համար դատավորներին և իրավաբան-գիտնականներին ներկայացվող պահանջները տարբեր են, ուստի Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված խնդիր չկա։
Պատգամավորը նշեց, որ այսօր արդեն իսկ ներկայացվելու է Ջհանգիրյանի թեկնածությունը, և առաջիկա քառօրյայում քննարկվելու է այդ հարցը։
Հարցին՝ արդյո՞ք կաշկանդվածություն չունի իշխող խմբակցությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ միշտ նախկինների դեմ հատուկ տրամադրվածություն է ունեցել, իսկ հիմա հենց նախկինների հետ աշխատած մարդու թեկնածությունն է առաջադրում, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ ոչ։
«Մենք կաշկանդվածություն չունենք՝ առաջադրելու Գագիկ Ջհանգիրյանին։ Նա համապատասխանում է ԲԴԽ անդամի համար նախանշված բոլոր չափանիշներին։ Եվ մենք առաջնորդվում ենք հենց դրանով։ Խմբակցությունը միաձայն կողմ է եղել նրա թեկնածությանը»,- ասաց իշխանական խմբակցության ղեկավարը։
Դիտարկմանը, որ կան բազմաթիվ կարծիքներ, թե իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին տանում է ԲԴԽ՝ իր դիրքերը դատական համակարգում ամրապնդելու համար, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ խմբակցությունը նման խնդիր չի դրել իր առաջ։
«Որևէ նման խնդիր չի դրվում և չի կարող դրվել մեր իշխանության պարագայում։ Խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու, հետևաբար առաջադրել է»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դեռ կան վնգստացող դատավորներ, Լիլիթ Մակունցը արձագանքեց. «Վնգստացող դատավորներ ձևակերպումը կոռեկտ չեմ համարում։ Վարչապետն այլ համատեքստում է դա ասել»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին, և հայաստանյան օրակարգը՝ գերիների վերադարձի առնչությամբ, տապալելուն, ապա Լիլիթ Մակունցը նշեց, որ նախապես սահմանված էր՝ քննարկումներ կարող էին տեղի ունենալ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ։
«Չորս ժամ եղած բանակցություններից երեքը նվիրված է եղել գերիների վերադարձին, դա առաջնային հարց է։ Չեմ կարծում՝ գերիների թեման այն հարցն է, որ պետք է որևէ մեկի կողմից՝ քաղաքական գործիչ թե լրագրող, շահարկվի։ Բոլոր հնարավոր հարթակներով ջանքեր են գործադրվում»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
- Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին