Հարութ Սասունյան. Թրամփը կարող է լինել ԱՄՆ առաջին նախագահը, որը երկու անգամ պաշտոնազրկվել է
Երբ պատրաստվում էի գրել այս հոդվածը, ուզում էի երկու կարևոր կետի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինն այն էր, որ Թրամփին մնացել է պաշտոնավարման մի քանի օր, որին միլիոնավոր մարդիկ անհամբեր սպասում էին, և երկրորդ՝ ապացուցված է, որ Թրամփը պատմության մեջ ամենամեծ ստախոսն է: Ես չէի կարող ակնկալել, որ Վաշինգտոնում տեղի կունենան իրադարձություններ, որոնք աղետալի ընթացք կստանան՝ ցնցելով Միացյալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը։
Իր նախագահության վերջին չորս տարիների ընթացքում Թրամփը հանդես է եկել հարյուրավոր անիմաստ հայտարարություններով և որոշումներով, որոնք հազվադեպ են հիմնված եղել փաստերի կամ տրամաբանության վրա: Այդ տգետ մարդն ամբարտավանորեն պնդում էր, որ ինքն ավելի բան գիտեր պատերազմի մասին, քան գեներալները, ավելին՝ քան բժիշկները կորոնավիրուսի մասին, ավելին՝ քան ֆինանսիստները տնտեսության մասին և այլն։ Նա ծաղրի առարկա էր դարձել ամբողջ աշխարհում։
Ինձ համար զարմանալին այն է, որ 74 միլիոն ամերիկացիներ կուրորեն հետևել են Թրամփին և քվեարկել նրա օգտին 2020 թ. նոյեմբերի 3-ին: Եթե չլինեին մյուս 81 միլիոն ամերիկացիները, որոնք քվեարկել էին Բայդենի օգտին, Թրամփը կարող էր մնալ իր պաշտոնում ևս չորս տարի՝ ավելի ապակայունացնելով Միացյալ Նահանգները: Ես ավելի շատ մեղադրում եմ Թրամփի կույր համակիրներին, քան անձամբ Թրամփին, քանի որ առանց նրանց Թրամփը չէր ընտրվի չորս տարի առաջ և նման վնաս չէր պատճառի:
Թրամփը բավական խորամանկ էր գտնվել նախագահական ընտրությունների արդյունքի վերաբերյալ վաղուց կասկածներ սերմանելու մեջ: Ըստ Washington Post-ի՝ Թրամփը կեղծ ընտրական ենթադրություններ է ներկայացրել 1795 անգամ՝ 2020 թ․ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, այդպիսով հող նախապատրաստելով ընտրությունների արդյունքները չընդունելու համար: Իր նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Թրամփն ասաց, որ եթե նա պարտվի ընտրություններում, ապա կհեռանա երկրից, ինչն իր ասածներից ամենալավն էր, սակայն իր բոլոր մյուս հայտարարությունների նման սա ևս սուտ էր․․․
Էլ ավելի սրելով իրավիճակը, Թրամփն իր հավատարիմ և կույր հետևորդներին կոչ արեց 2020 թ. հունվարի 6-ին հավաքվել Վաշինգտոնում և թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի ընտրական քոլեջի ձայները՝ հաստատելով, որ Բայդենը հաղթել է ընտրություններում: Թրամփն իր հետևորդներին նույնիսկ ասաց, որ ինքն անձամբ կմիանա նրանց փողոցում և կքայլի նրանց հետ միասին։ Բարեբախտաբար, սա ևս սուտ դուրս եկավ․ նա մնաց Սպիտակ տանը և իր հետևորդներին թույլ տվեց կատարել իր կեղտոտ պահանջները:
Հազարավոր անմիտ թրամփականներ լցվեցին Վաշինգտոն ամբողջ երկրից, որոնց մեծ մասն առանց դիմակների էր։ Ոմանք եկել էին զենքով և մոլոտովյան կոկտեյլներով զինված: Նրանք կռվեցին ոստիկանության դեմ և իրենց ճանապարհը հարթեցին դեպի Կոնգրեսի դահլիճները՝ ամերիկյան ժողովրդավարության բնօրրանը: Նրանք սպանեցին Կապիտոլիումը պահպանող ոստիկաններից մեկին, մի ցուցարար գնդակահարվեց, իսկ երեքը մահացան առողջական խնդիրների պատճառով։
Նրանք խափանեցին Կոնգրեսի համատեղ նստաշրջանը, սպառնացին Ներկայացուցիչների պալատի նախագահին և Միացյալ Նահանգների փոխնախագահին, որոնց անմիջապես հեռացրեցին դահլիճից՝ նրանց կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Ամբոխը կոտրեց դռները, պատուհանները, կահույքն ու նկարները, գողացավ Կոնգրեսին պատկանող գույքը: Երբևէ, 1814 թվականին բրիտանական բանակի կողմից Կապիտոլիումի շենքի վրա հարձակվելուց ի վեր, նման արգահատելի հարձակում տեղի չէր ունեցել Վաշինգտոնում գտնվող իշխանության նստավայրի վրա։
Զարմանալի է, որ Կապիտոլիումի ոստիկանությունը, նախապես տեղյակ լինելով վերահաս հարձակման մասին, չկարողացավ հատուկ միջոցներ ձեռնարկել շենքն ու Կոնգրեսի անդամներին պաշտպանելու համար: Դրանից հետո Կապիտոլիումի ոստիկանապետը հրաժարական տվեց: Ազգային գվարդիան բերելու պահանջները անուշադրության մատնվեցին և Սպիտակ տան կողմից խոչընդոտվեցին մինչև ուշ երեկո՝ վնասը հասցնելուց հետո:
Խուլիգանները կամ Թրամփի ահաբեկիչները չեն կարողանա խուսափել իրենց հանցագործությունների համար նախատեսված պատժից։ Մի քանի տասնյակ մարդ արդեն ձերբակալված է, և սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում դեռ շատերին կբանտարկեն։ Այս հանցագործությունների գլխավոր սադրիչը՝ Թրամփը, այնուամենայնիվ, մնում է ազատության մեջ: Նա է, որ դրդել է ամբոխին կատարել այս բռնությունը: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հաջորդ օրը, Թրամփը տեսանյութի իր ելույթում հարձակվողներին հպարտորեն ասաց «Մենք սիրում ենք ձեզ»։
Ֆեյսբուքը, Թվիթերը և Ինստագրամն անմիջապես արգելափակեցեին նրա հաղորդագրությունները, որպեսզի նա այլևս բռնություն չհրահրի։ Նրա հետևորդները սխալմամբ այդ միջոցառումներն անվանեցին գրաքննություն: Թրամփին տարիներ շարունակ բազմիցս զգուշացրել են, որ նա խախտում է սոցիալական լրատվամիջոցների ծառայության պայմանները, սակայն նա ամբարտավանորեն համառել է։ Սոցիալական լրատվամիջոցների ընկերություններն իրավունք ունեն արգելափակել նրան: Նրանք դա շատ ավելի շուտ պետք է անեին։
Ավելին, բռնության դրդելը և ապստամբությունը հանցագործություններ են: Հանցագործը, այս դեպքում՝ Թրամփը, որը ապստամբների առաջնորդն է, պետք է կանգնի դատարանի առջև և պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար: Այդ անկարգությունից հետո Թրամփի կաբինետի մի քանի անդամներ հրաժարական տվեցին՝ իրենց տարանջատելով Կոնգրեսում տեղի ունեցած բռնություններից: Թրամփի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես հրաժարական տվեցին:
Ներկայացուցիչների պալատը այժմ քննարկում է պաշտոնազրկման նոր գործընթաց նախագահ Թրամփի համար և որոշումը փոխանցել ԱՄՆ Սենատ։ Վերջին օրերին Կոնգրեսի մի քանի հանրապետական անդամներ կոչ են արել նախագահ Թրամփին հրաժարական տալ կամ նրան սպառնում է պաշտոնազրկում։ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ է, որ նախագահը կրկնակի պաշտոնզրկման կենթարկվի։
Համոզվելու համար, որ Սենատի հանրապետական մեծամասնությունը չի խոչընդոտի Թրամփի դատապարտմանը, ինչպես նախորդ տարի, Սենատը նրա պաշտոնազրկումը կքննարկի 2021 թվականի հունվարի 20-ից հետո, երբ նոր Սենատում կտիրի դեմոկրատական մեծամասնությունը։ Չնայած մինչ այդ Թրամփն այլևս նախագահ չի լինի, նրա պաշտոնազրկման հաստատումը կխանգարի նրան այլևս դաշնային պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ նախագահի թեկնածու առաջադրվել․․․ Թրամփի հեռանալը ստվեր կգցի նրա նախագահական ժառանգության վրա՝ ի լրումն վերջին չորս տարիների ընթացքում նրա բոլոր այլ անխոհեմ արարքների:
Նման դաժան հարձակումը մի բան է, որը սովորաբար տեղի է ունենում երրորդ աշխարհի երկրներում, և ԱՄՆ-ը կառավարությունն ավանդաբար դատապարտում է բռնությունը: Ոչ ոք չէր սպասում, որ Վաշինգտոնի սրտում տեղի կունենա նման ոչ ժողովրդավարական գործողություն, որը Միացյալ Նահանգները ծաղրի առարկա դարձրեց ամբողջ աշխարհում:
Միջազգային մի քանի ղեկավարներ, ներառյալ Իրաքի և Իրանի մեծերը, ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդացին Միացյալ Նահանգներին: Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աշխարհի ամենաստոր բռնապետներից մեկը, որը բազմիցս ոտնահարել է իր ժողովրդի ամենատարրական իրավունքները, ծաղրում էր ԱՄՆ-ին՝ համարձակվելով ժողովրդավարության դաս տալ ամերիկացիներին:
Վերադառնալով Թրամփի ստերի արձանագրությանը՝ Washington Post-ը փաստել է, որ նախագահ Թրամփը, 2020 թ․ նոյեմբերի 5-ի դրությամբ, գրեթե չորս տարվա ընթացքում արել է 29 508 կեղծ կամ մոլորեցնող հայտարարություն: Մինչև նա լքի իր պաշտոնը, նրա ստերի քանակը կհասնի կամ կգերազանցի 30 000-ը, հավանաբար աշխարհում որևէ մեկի կողմից ասված ամենաշատ ստերը: Դժբախտաբար, Թրամփի միլիոնավոր հետևորդներ կուրորեն կուլ էին տալիս այդ ստերը։
Ցավոք, Թրամփի կողմնակիցներն այժմ կոչ են անում «միլիոն MAGA [«Ամերիկան նորից հզոր դարձնենք»] երթ», որը տեղի կունենա Վաշինգտոնում, 2021 թ. հունվարի 20-ին՝ խանգարելու համար Բայդենի երդմնակալության արարողությունը: Հուսով եմ, որ այս անգամ ոստիկանությունը և Ազգային գվարդիան ավելի լավ կպատրաստվեն ցուցարարներին վերահսկողության տակ պահելու և բռնություն գործողներին անմիջապես ձերբակալելու համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները
- Նախկինում Ալիևը Թուրքիայի ղեկավարներին անվանել է «ստախոս, խաբեբա և դավաճան». Սասունյան
- Արցախյան համաձայնագիրը պետք է փոփոխության ենթարկվի. Հարութ Սասունյան
- Պուտին՝ Արցախի չճանաչելը Հայաստանի կողմից «էական գործոն» էր. Սասունյան
- Սասունյան. Արցախյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի «Հայտարարությունը» պետք է մերժվի
- Սասունյան. Պուտինը վերջապես բացահայտեց Արցախյան հակամարտության իր լուծումը
- Սասունյան. Հնարավոր է, որ հայկական համազգեստով ադրբեջանցի զինվորների վրա կրակել են հենց իրենց զորքերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան