Ադրբեջանի կողմից այս սադրանքը հաստատում է՝ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է․ Պողոսյան
Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ ևս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունն անհամատեղելի է, և տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։
«Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, և այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ընդգծել է Պողոսյանը։
«Սրանով նաև Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությանը և ակնկալում են պատշաճ քննություն։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հայտարարության, հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան