Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով, այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից:
«Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավագ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում:
«Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարը։
Նշվում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին